17:40 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
302810

Զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկի` Աժդահակ լեռան անունը վերջին օրերին շատ արծարծվեց։ Պատճառն ահազանգն էր` բարձունքներից մեկի լճի մոտ խողովակ են դրել և ջուր են «քաշում»։ Պատկերն արդեն հստակեցվել է, հայտնի է` ով է նման քայլի դիմել, և որքան ջրից է զրկվել լիճը։

Գեղամա լեռնաշղթայի հյուսիսային հատվածում շուրջ 3600 մետր բարձրության վրա գտնվող Կարմիր կատար բարձունքի խառնարանային լճից երկրորդ տարին անընդմեջ ապօրինի ջրառ իրականացնողը մի անասնապահ է։ Sputnik Արմենիային լուրը հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի տնօրեն Մկրտիչ Վանոյանը։

Сотрудники министерства окружающей среды, полиции и глава общины нашли, демонтировали и конфисковали установленный бензонасос в кратерном озере Аждаак (12 августа 2020). Гегамский хребет
Լիճ մտնող խողովակը

Երեկ մեծ աղմուկ էր բարձրացրել ահազանգը, որ Աժդահակ լեռան բարձունքներից մեկի խառնարանի տարածքում 5 կիլոմետրանոց խողովակաշար է տեղադրվել, ջրառ է իրականացվում։ Ըստ ահազանգի` եթե այսպես շարունակվի, խառնարանը կարող է անապատացման եզրին հայտնվել։ Շրջակա միջավայրի նախարարի հանձնարարությամբ` թիմ էր ձևավորվել, որոնք այցելել էին «դեպքի վայր»։ Ահազանգը ճիշտ էր, պոմպը տեղում ապամոնտաժել էին։

Сотрудники министерства окружающей среды, полиции и глава общины нашли, демонтировали и конфисковали установленный бензонасос в кратерном озере Аждаак (12 августа 2020). Гегамский хребет
Ապամոնտաժված պոմպը

«Դեռ նախորդ տարի Արմավիրի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ Թեմուր Խուդոյանը (ազգությամբ եզդի) Աժդահակ լեռան խառնարանային լճից առանց ջրօգտագործման թույլտվության բենզապոմպի և խողովակաշարի միջոցով կատարել էր ապօրինի ջրառ։ Նա վարչական պատասխանատվության էր ենթարկվել (150 000 դրամ) և պարտավորվել հեռացնել խողովակները։ Այս տարի, սակայն, նորից նույն դեպքին ականատես եղանք»,–ասաց Վանոյանը։

Նրա խոսքով` տղամարդն ասել է, որ ջուրն իր` 1000-ի հասնող անասունների համար է օգտագործում։ Սովորաբար անասնապահներն այնտեղ մի քանի ամիս մնում են իրենց անասունների և ընտանիքների հետ։ Իսկ որ այս տարի նույնպես այդ տարածքից ապօրինի ջրառ է իրականացվում և նորից նույն մարդու «մատն է խառը», դեռ օգոստոսի 6-ին են ահազանգ ստացել։ Տեսչական մարմնի աշխատակիցները բանավոր նկատողություն են տվել Թեմուր Խուդոյանին` հանձնարարելով խողովակները հեռացնել։ Սակայն օրեր անց նորից ահազանգ են ստացել, որ տղամարդը շարունակում է ջրառը։

Հարցին, թե ո՞վ է մեղավոր, որ երկրորդ տարին անընդմեջ նույն ապօրինությունն է կատարվում, և ինչպե՞ս է ստացվել, որ խողովակները տեղադրելու պրոցեսն աննկատ է մնացել, Վանոյանը պատասխանեց, որ վերահսկողությունը պետք է Գառնի համայնքի ղեկավարությունն իրականացներ։ Նրա խոսքով` տեսչական մարմինը հաջորդ տարի չի թույլատրի, որ տղամարդը ջրամբարին «մոտ գնա»` անասուններին արածացնի։

Мкртич Ваноян, директор Котайкского территориального управления инспекции по охране природы
© Sputnik / Asatur Yesayants
Մկրտիչ Վանոյան

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն էլ իր հերթին ասաց` եթե խնդիրը կրկնվում է երկրորդ անգամ, ուրեմն չի բացառվում, որ պատկան մարմիններից մեկը թերացել է իր աշխատանքում։ Սակայն, ըստ Ավետիսյանի, այս պահին խնդիրն ամբողջությամբ լուծվել է։

«Բենզապոմպը հեռացվել է, առանց որի հնարավոր չէ ջրառ անել։ Խողովակներն ապամոնտաժվել են, հիմա խողովակները տարածքից հեռացնելու առնչությամբ քննարկում է գնում»,–ասաց Ավետիսյանը։

Նա հայտնեց, որ վերջերս է արշավախմբով Աժդահակ բարձրացել, որի կատարներից մեկի վրա էլ գտնվում է Կարմիր կատարի խառնարանը։ Սակայն այդ հատվածից, որտեղով իրենք են լեռը բարձրացել, խողովակները նկատելի չեն եղել։

И.о. губернатора Котайкской области Арнак Аветисян
© Sputnik / Asatur Yesayants
Առնակ Ավետիսյան

Ավետիսյանի խոսքով` համայնքների ղեկավարներին արդեն իսկ հանձնարարվել է ավելի ուշադիր լինել` բացառելու համար նման երևույթները։ Նա նշեց` ՏԻՄ–երի գործառույթների մեջ է մտնում բնապահպանական ռիսկերի նվազեցումը։ Աժդահակը, ըստ Կոտայքի մարզպետի պաշտոնակատարի, բնության գոհարներից մեկն է, որի հանդեպ լեռնագնացների ուշադրությունը տարեցտարի ավելանում է։

Գեղարդ համայնքի ղեկավար Սանասար Թառոյանն էլ հայտնեց` ապօրինի ջրառի հետևանքով խառնալիճը մեծ վնասներ չի կրել, քանի որ խոսքը 15 տոննա ջրի մասին է։ Նրա խոսքով` Թեմուր Խուդոյանն այսօր իր մոտ է եղել, գրություն գրել ու ներողություն խնդրել արածի համար։

«Հաջորդ տարի նրան թույլ կտամ այդ տարածք մուտք գործել, երբ նա օրինական ձևով ջրառ իրականացնելու թույլտվություն կունենա։ Այդ տարածքում, ուր անասուններ են պահում, կա ջրագիծ, սակայն Խուդոյանն արդարանում էր, թե հեռու է ջրագիծը, ինչի պատճառով էլ ինքն իր ջրագիծն էր գցել»,–ասաց համայնքի ղեկավարը։

Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա, ըստ Թառոյանի, դա ոչ թե իրենք, այլ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է իրականացնի։ Նրա խոսքով` հենց նախարարությունը պետք է հետևողական լիներ, որ նախորդ տարվա նույն քայլը չանեին այս տարի։

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախարարությունը որևէ վերահսկողական գործառույթ չունի այս դեպքում, քանի որ Կարմիր կատարը բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ չունի։ Նա փաստեց միայն, որ ջրառն ապօրինի է կատարվել խառնարանային լճից, քանի որ ջրօգտագործման թույլտվություն այդ տարածքից չի տրամադրվել որևէ մեկին։

Ստացվում է` վերահսկողության առումով կլոր շրջան է ստեղծվում, երբ պատկան մարմիններից որևէ մեկը պատասխանատվությունն իր վրա չի վերցնում։

Նշենք միայն, որ պոմպն արդեն իսկ փոխանցել են տիրոջը, իսկ օգոստոսի 17-ին վարչական լսումների օր է նշանակվել, որի ժամանակ Թեմուր Խուդոյանին նորից 150 000 դրամի չափով տուգանելու որոշում կկայացվի։

Ըստ թեմայի

Դեբեդ գետի Լալվար վտակի ջրում մեծ քանակի սուլֆատ իոն ու մանգան է հայտնաբերվել
Սևանի ափերին քանդման ենթակա 3800 շինություն կա. նախարարը տեղում ծանոթացել է լճի խնդիրներին
թեգերը:
Աժդահակ լեռ, լիճ, Հայաստան

Գլխավոր թեմաներ