17:41 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7210

Հուլիս–օգոստոս ամիսներին Լիբանանից 370 հայ է եկել Հայաստան։ Եվս 101-ն էլ եկել են Լիբանան մեկնած մարդասիրական օգնության երեք ինքնաթիռներով։ Լիբանանից Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը քիչ չէ։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ, ամփոփելով օգոստոսի 9-11–ը կայացած լիբանանյան այցը, հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը փաթեթ է պատրաստում, որպեսզի կարողանա արժանապատվորեն ընդունել Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող լիբանանահայերին։

«Լիբանանում Հայաստանի դեսպանատան տվյալներով` այսօր մոտ 25 000 լիբանանահայ ՀՀ քաղաքացի է, և մենք բարոյական պարտականություն ենք զգում ոչ միայն նրանց, այլ բոլոր լիբանանահայերի նկատմամբ։ Եթե այնտեղ ապրող հայն ուզում է լքել երկիրը, ապա մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք գան Հայաստան»,–ասաց Սինանյանը։

Նրա խոսքով` հուլիս–օգոստոս ամիսներին 5 չվերթով Լիբանանից 370 հայ է եկել Հայաստան` հաստատվելու։ Բացի այդ, Լիբանան մեկնած մարդասիրական օգնության երեք ինքնաթիռներով էլ 101 մարդ է վերադարձել հայրենիք։

Սինանյանը հայտնեց, որ լիբանանյան այցի ժամանակ իրար հակասող երկու տեղեկություն են ստացել. հոգևոր առաջնորդների հետ հանդիպումների ընթացքում ասել են, որ տեղի համայնքն ամուր է և կառչած տեղի հողին, իսկ բոլոր մյուս հանդիպումների ժամանակ այլ պատգամ են ստացել, թե լիբանանահայությունը խուճապային տրամադրություններ ունի, և մարդիկ ուզում են լքել Լիբանանը։

Մեծամասնությունը, ըստ Սինանյանի, հենց Հայաստան է ուզում վերադառնալ, սակայն մեծ ցանկության դեպքում անգամ նրանք Լիբանանը լքելու լուրջ խնդիրներ ունեն։ Հարցն այն է, որ մարդիկ չեն կարող բանկերից իրենց խնայողությունները հանել, բացի այդ, Լիբանանում տիրող տնտեսական ծանր վիճակի պատճառով չեն կարող նաև իրենց տունը վաճառել։ Այս խնդիրը, ըստ սփյուռքի գործերի հանձնակատարի, չի լուծվի ո՛չ մեկ շաբաթում, ո՛չ էլ մեկ ամսում։

«Այս դեպքում ասել, որ Հայաստանի կառավարությունը լիբանանահայերի նկատմամբ իրականացնում է հայրենադարձության քաղաքականություն, ճիշտ չէ, քանի որ կստացվի` մենք թելադրողի դերում ենք և իրավիճակ ենք ստեղծում, որ մարդիկ վերադառնան Հայաստան։ Ո՛չ, մենք դիտորդի դերում ենք»,–ասաց Սինանյանը` հավելելով, որ Հայաստան վերադառնալ ցանկացողներին ամեն կերպ փորձելու են աջակցել։

Ինչ վերաբերում է լիբանանահայերին այս պահին անհրաժեշտ օգնությանը, ապա Սինանյանը հայտնեց, որ իրավիճակից ելնելով` ամենատարրական դեղորայքն անհասանելի է դարձել, կորոնավիրուսով վարակվածները չեն կարողանում օգնություն ստանալ։ Հայաստանը մտածում է հերթական օգնության մասին` հատկապես դեղորայքային մասով։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ է դարձել 154 մարդ, ավելի քան 5000–ը` վնասվածքներ ստացել։ Մահացածների թվում նաև 13 հայ կա և ավելի քան 250 տուժած։

Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին տրամադրել են ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք։

Ըստ թեմայի

Բեյրութը փոթորկվել է․ կադրեր Լիբանանի մայրաքաղաքի բողոքի ակցիաներից
«Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելու համար
Մնացականյանը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը քննարկել են Բեյրութի աղետին առնչվող հարցեր
թեգերը:
Բեյրութ, Զարեհ Սինանյան, Լիբանան, Հայաստան

Գլխավոր թեմաներ