ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Պատգամավորի մանդատը վայր դրած Մանե Թանդիլյանը տևական ժամանակ է, ինչ գտնվում է Ավստրալիայում և այնտեղ բուժվում է։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
«Այս կորոնավիրուսի պայմաններում էլ վերադառնալու խնդիրներ կան, ուստի որոշել է դուրս գալ ակտիվ քաղաքականությունից և զբաղվել իր առողջական խնդիրներով։ Իսկ մանդատից և ԼՀԿ խորհրդի անդամությունից հրաժարվում է, որ իր փոխարեն ինչ–որ մեկն առաջ գա և ավելի ակտիվ աշխատի»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ երեկ Թանդիլյանը հայտարարել էր, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորի մանդատը։
Մանե Թանդիլյանը ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
Թանդիլյանը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար, 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։
2018 թվականի մայիսի 11-ին՝ «թավշյա հեղափոխությունից» հետո, նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից: Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը, և վերջինս կշարունակի պաշտոնավարել։
2018 թվականի նոյեմբերի 14-ին երկրորդ անգամ հրաժարական է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից` դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում և ընտրվել 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր: Նա նաև ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։
Արդեն հայտնի է, որ Թանդիլյանին Ազգային ժողովում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը։