ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար ծախսվել է 9.381.975.858 դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես`
- վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման համար` 2.258.676.043 դրամ
- բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումները (պայմանագրային գներով)` 144.116.000 դրամ
- Covid-19-ի շրջանակներում բուժաշխատողների պարգևատրման համար` 760.948.184 դրամ
- Ժամանակավոր մեկուսարանների պահպանման համար` 393.021.823 դրամ
- Պաշտպանիչ միջոցներով հագեցվածության համար` 854.473.744 դրամ
- Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն համար` 1.432.579.185 դրամ
- Բժշկական սարքավորումներով հագեցվածությունն ապահովելու համար` 2.561.464.348 դրամ
- Բժշկական կենտրոնների վերանորոգման համար` 776.334.303 դրամ
- Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումները կազմել են 200.362.229 դրամ։
«Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունից նաև հայտնում են, որ համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
Հիշեցնենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 111–ով և դարձել 42936։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 մարդ, կատարվել է 196873 թեստ (+1299), առողջացել են վարակվածներից 36475–ը (+426)։ Գրանցվել է մահվան 858 (+4) դեպք։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է չորսով և հասել 260–ի։
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրվի