12:19 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29910

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ռուսաստանյան գործընկերների հետ Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր են ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Գեներալ-մայոր, ՌԴ վաստակավոր ռազմաօդաչու, տեխնիկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Պոպովն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված Մոսկվա–Երևան առցանց տեսակամուրջի ժամանակ ասաց, որ նորագույն Սու-25-ը Հայաստանին թույլ կտա այնպիսի հարվածներ հասցնել օդից, որոնք համեմատելի են կառավարվող արկերի հետ։

Պոպովի խոսքով` Սու-25-ները իրենց փոքր չափերի հաշվին ավելի լավ են կարողանում մանևրել ցամաքի մոտ, քան Սու–24-ները։

«Սրանք զուտ խոսքեր չեն. անձամբ եմ թռչել այդ ինքնաթիռներով և վերապատրաստել օդաչուներին», – նշեց գեներալը։

Ըստ նրա` այս ինքնաթիռների նոր սերունդը տարբերվում է նավիգացիայի և կրակի բարձր ճշգրտության համակարգերով։

Պոպովի խոսքով` GLONASS համակարգը, որով զինված է Սու-25-ը, թույլ է տալիս այնքան հստակ կատարել նշանառումը, որ Սիրիայի մարտական գործողությունների ժամանակ ամերիկացիները սկզբնական շրջանում կարծել են, թե ռուս զինվորականները միայն բարձր ճշգրտության զենք են կիրառում։ Նույնիսկ Մ-62 ֆուգասային ռումբերը (1962 թվականի) Սու-25-ները թիրախի վրա էին նետում 25-30 մետր շեղումով։ Նման ճշգրտությունը, ըստ գեներալի, միշտ եղել է խոցման կառավարվող միջոցների կամ ուղղորդվող ռումբերի առավելությունը։

«Կարծում եմ, որ Հայաստանի համար նախատեսված Սու-25-ի արդիականացումը հենց այսպիսի լուծումներ է ենթադրում։ Դրանց տեղադրումը զգալիորեն ավելի մատչելի կլինի, քան նոր տեխնիկա ձեռք բերելը», – նկատեց գեներալը։

«Арсенал Отечества» («Հայրենիքի զինանոց») ամսագրի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովն էլ, խոսելով անօդաչուների նշանակության մասին, ասաց, որ վերջին շրջանում շատ է խոսվում, թե ԱԹՍ–ները հաղթում են ՀՕՊ համակարգերին, սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Հաճախ օրինակ են բերում Սաուդյան Արաբիայում գտնվող Aramco նավթաշտարակները` հիշեցնելով, որ ամերիկյան ՀՕՊ–երն անզոր են եղել անօդաչուների դեմ: Սակայն, փորձագետի կարծիքով, հարցն այստեղ ոչ թե ինքնաթիռի որակն է, այլ ՀՕՊ–ի որակն ու վիճակը. եթե այն ֆունկցիոնալ է, անօդաչուն չի կարող շրջանցել։

Նախ` անօդաչուների վրա չկան սարքեր, որոնք թույլ կտան ռադիոտեղորոշում իրականացնել ցամաքից, այդ պատճառով դրանք չեն կարող խանգարել որսալ իրենց։ Երկրորդ` դրանք մի քանի անգամ զիջում են արագության հարցում. ԱԹՍ–ները շարունակում են նախաձայնային մնալ, իսկ զենիթային կառավարվող հրթիռները վաղուց արդեն գերձայնային են։ Հայտնի մոդելների շրջանում բացառություն է միայն «Կորշուն» գերձայնային ԱԹՍ–ն, որը ստեղծվել է խորհրդային տարիներին և շարունակվել է մշակվել 2000-ականների վերջից։ Սակայն անօդաչուները հիմնականում, ինչպես նշեց Լեոնկովը, կատարում են թիրախավորման և հետախուզության մեծ խնդիրը։

Միևնույն ժամանակ, ըստ Պոպովի, ավտոմատիկան այսօր դեռ դժվարությամբ է տարբերում անօդաչուն կառավարվող ինքնաթիռից։

«Նման համակարգեր կան և ցուցադրվել են Բանակ-2020 ցուցահանդեսի ժամանակ, սակայն դրանք թանկ են, և ոչ բոլոր երկրները կարող են գնել», – ասաց Պոպովը։

Այդ պատճառով անօդաչուները կարող են մասնակցել մարտի առաջին փուլին, որպեսզի շեղեն ՀՕՊ ուշադրությունը` ծանրաբեռնելով օդային տարածքը կեղծ թիրախներով։ Դրանից հետ մարտի մեջ կարող են մտնել հարվածային ինքնաթիռներն ու ուղղաթիռները։

Հիշեցնենք` օգոստոսի 27-ին ՊՆ–ն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում:

Ըստ թեմայի

Մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ–ներից հայկական ԶՈՒ–ն շատ լավ է գլուխ հանում. Հովհաննիսյան
Հայկական արտադրության ԱԹՍ–ն փորձարկվել է. Արշակյանը տեսանյութ է հրապարակել
«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ». նախարարը տեսանյութ է հրապարակել
թեգերը:
ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք, Հայաստան

Գլխավոր թեմաներ