ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վերաբերյալ հերթական որոշումը կայացվեց։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը հայտնեց, որ որոշման ընդունումը բխում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառման տրամաբանությունից, որով աջակցություն է տրամադրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներին` կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած դժվարությունների հետևանքը չեզոքացնելու ու աշխատատեղերը պահպանելու համար։
Այս ծրագրով հատկացված գումարը, պարզվում է, ամբողջությամբ չի սպառվել, ու նախարարությունն առաջարկում է այն ուղղել մեկ այլ ծրագրի իրականացմանը, որտեղ պահանջարկն ավելի մեծ է։
Ինչպես են ավտոներկրումներն ու կորոնավիրուսն ազդել բյուջեի վրա. ներկայացրել է ՊԵԿ նախագահը
«Նկատի ունենալով, որ ծրագիրն իրագործվելու է 2020 թվականի պետական բյուջեով հաստատված «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման շրջանակներում, անհրաժեշտ է նշված միջոցառման առկա ողջ չօգտագործված 888 մլն դրամն ուղղել նոր` «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառմանը»` համապատասխանաբար նվազեցնելով նաև ոչ ֆինանսական ցուցանիշները, նոր միջոցառման համար սահմանելով նոր քանակական չափորոշիչներ»,– ասաց փոխնախարարը:
Նշենք, որ ընդունված որոշմամբ նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել շուրջ 61 ընկերության, բայց հայտերի թիվը, Մելիքյանի խոսքով, շատ ավելին է։
Հայաստանի մարզային հիվանդանոցները կապահովվեն շտապօգնության նոր ավտոմեքենաներով