ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ։
«Սիրելի փրկարարներ, դուք մասնագիտության բերումով մշտապես գտնվում եք արտակարգ դեպքերի, իրավիճակների կիզակետում, անձնվեր աշխատանքով կառավարում այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ»,–իր ուղերձում ասել է վարչապետը:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլորին իրենց կատարած նվիրական աշխատանքի համար և մաղթել անփորձանք ծառայություն ու երջանկություն։
Նշենք, որ այսօր փրկարարների մասնագիտական տոնն է։ Նրանց արդեն շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Հիշեցնենք` 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը երկրում հայտարարվեց ԱԻՆ աշխատողի մասնագիտական տոն, որպեսզի կարևորվի այդ մասնագիտության տեր մարդկանց աշխատանքը և հարգանքի տուրք մատուցվի իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների հիշատակին: