ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հարավային ռազմական շրջանի «Էրեբունի» ավիաբազայի զինծառայողները հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը ռուսական ռազմաբազայի և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վրա գիշերային ժամերին: Վարժանքն անցկացվել է «Ալագյազ» զորավարժարանում, երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում։ Տեղեկությունը հաղորդում է ՀՌՇ-ի մամուլի ծառայությունը:
Մարտավարական վարժանքների ընթացքում ռուսական ռազմակայանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի օդաչուները Հայաստանի պաշտպանության նախարարության օդաչուների հետ մշակել են փոխգործակցություն հետախուզական-հարվածային համալիրի միասնական համակարգում: Համատեղ երկկողմանի թռիչքային մարտավարական վարժանքն անցկացվում է ռուսական ռազմաբազայի և ՀՀ ՊՆ մոտոհրաձգային ստորաբաժանումների հետ համատեղ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Զորավարժություններին մասնակցել են երկու երկրների թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի շուրջ 500 զինծառայողներ, գործի է դրվել ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ՀՀ ՊՆ մոտ 20 ՄիԳ-29, Սու-25 և Սու-30ՍՄ ինքնաթիռներ:
Նշվում է նաև, որ ՌԴ Հարավային ռազմական շրջանի և ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները հատուկ առաջադրանքներ կմշակեն Կամխուդ և Ալագյազ զորավարժարաններում:
«Նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները մշակում են զինամթերքի, վառելիքայուղային նյութերի, պարենի, գույքի առաքման, վիրավորների տարհանման, սպառազինության և ռազմական տեխնիկայի վերականգնման վերաբերյալ երկու երկրների զորախմբերի թիկունքային ապահովման տարբեր տեսակներ»,-ասվում է ՀՌՇ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների ընթացքում մշակվում է մարտավարական գործողությունների և մանյովրների ամբողջական ցանկը՝ պաշտպանության և հարձակման ընթացքում։
Ռուս ռազմական օդաչուները Հայաստանի երկնքում օդային մարտեր են իրականացրել
Երկկողմանի գումարտակային մարտավարական զորավարժությանը մասնակցում են ավելի քան 1,5 հազար հայ և ռուս զինծառայողներ, գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ ՄիԳ-29, Սու-30ՍՄ, Սու-25 ինքնաթիռներ, Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ԱԹՍ հաշվարկներ։