22:41 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Էմիլ Տարասյանը պատասխանեց ՍԴ դատավորի պաշտոնում նախագահի կողմից առաջադրված թեկնածուի մասին պատգամավորներին հուզող հարցին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Արթուր Վաղարշյանին երկրորդ անգամ են առաջադրել, քանի որ վերջինս է նման ցանկություն հայտնել։ Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը` արձագանքելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նույն խորհրդարանին մեկ անգամ չընտրված թեկնածուին նորից ներկայացնելը։

Նշենք, որ ԱԺ նիստի այսօրվա օրակարգում ՍԴ դատավորների ընտրության հարցն է։ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Վաղարշյանը նախորդ տարի նույնպես նախագահի կողմից առաջադրվել էր որպես ՍԴ դատարանի թեկնածու, սակայն խորհրդարանը մերժել էր նրա թեկնածությունը։

«Եղել է հայտարարություն, և նրանք առաջադրել են իրենց թեկնածուին։ Ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, և առավել դրական կարծիք հավաքած թեկնածուները ներկայացվել են ՀՀ նախագահին։ Արդյունքում թեկնածուներից մեկը` Գոռ Հովհաննիսյանը, հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել, իսկ Վաղարշյանը համաձայնել է։ Նախագահն էլ առաջադրել է նրան»,–ասաց Տարասյանը։

Իշխանության հետ «մութ» պայմանավորվածությո՞ւն կա. պատասխանում է ՍԴ դատավորի թեկնածուն

Հարցին, թե, այնուամենայնիվ, անհարմար չէ՞ նորից նույն թեկնածուին առաջադրելը, Տարասյանը հիշեցրեց, որ այժմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին նույնպես ՀՀ նախագահը երկու անգամ էր ներկայացրել ԱԺ–ին։

Տարասյանի խոսքով` քանի որ Վահե Գրիգորյանը երկու անգամ առաջադրվել է, ապա արդարացի չէր լինի Վաղարշյանին նման հնարավորություն չտալ։

«Անհարմար իրավիճակի մեջ ընկնելու հարց չկա։ Հարգելով աշխատանքային խմբի անդամների ցանկությունը, նախագահը չի մերժել նրանց իրավունքի իրացումը»,–ասաց Տարասյանը։

Քիչ անց Վաղարշյանը հանդես կգա ելույթով, պատգամավորներն էլ նրան հարցեր կուղղեն։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը։

Ավելի վաղ` հունիսի 30-ին, ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Ինչո՞ւ փակեց «Ա 1+»–ը, նախկինների հետ ո՞նց էր. ՍԴ դատավորի թեկնածուին փորձեցին «նեղը գցել»

Դրանից հետո երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թեկնածուներ պետք է առաջադրեին կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։

Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով:

Ըստ թեմայի

Կյանքում չարժե որևէ բան բացառել. ՍԴ դատավորի թեկնածուն խոսել է «Իմ քայլի» հետ հանդիպումից
ՔՊ–ն նիստ է հրավիրել. ՍԴ դատավորի թեկնածության հա՞րցն են քննարկելու
Հայտնի է կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն
թեգերը:
Սահմանադրական դատարան, Հայաստան, Նախագահ, Դատավոր, Արթուր Վաղարշյան

Գլխավոր թեմաներ