ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային ժողովը այսօր կայացած նիստում ձայների մեծամասնությամբ մերժեց «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը:
Ընդդիմության նախագծին դեմ արտահայտվեց 84 պատգամավոր, նախաձեռնությանը կողմ քվեարկել 35 պատգամավոր. ձեռնպահ պատգամավոր չեղավ։
Ինքը ՝ նախարարը, նիստին ներկա չէր և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այդ փաստը բացատրեց նման անհրաժեշտության բացակայությամբ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ո՞րն է Հարությունյանի նման քայլի պատճառը։ Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ նախարարն ինքը դեմ չի եղել նիստին ներկա լինելուն, սակայն Միրզոյանը կարծում է, որ քվեարկությունը կարելի է անցկացնել նաև վերջինիս բացակայությամբ։
Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում հարցապնդում էր ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։ Այս օրերին Հարությունյանի հրաժարականի պահանջով նաև բողոքի ակցիաներ են իրականացնում` ՀՅԴ–ի երիտասարդական միությունը, «Կամք» միությունն ու սովորական քաղաքացիներ։
«ՀՀ –ում դժվար է մարդ գտնել, որը կսատարի Արայիկ Հարությունյանին». ինչպես անցավ ՀԵՄ երթը