ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է այն տեղեկությունը, թե ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մեկնել է Մոսկվա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է դիվանագիտական առաքելության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը։
Ավելի վաղ telegram ալիքներում տեղեկություն էր տարածվել, որ Տոնոյանը ՌԴ է մեկնել Ղարաբաղյան հակամարտության լարվածության ֆոնին։
«Մենք չենք հաստատում այդ տեղեկությունը, դեսպանատանը հերքել են»,— ասել է Ջամբազյանը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։