ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր վաղ առավոտյան օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և Զինված ուժերի ղեկավար անձնակազմը։
«Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման, պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ
Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։