ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Վարդենիսում ադրբեջանական հրետակոծության հետևանքով քաղաքացիական մեկ զոհ կա։ Տեղեկությունը Facebook–ի պաշտոնական էջում հայտնում է ՀՀ ԱԳն մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նաղդալյանը հիշեցնում է` առավոտյան ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:
«Հաշված րոպեներ անց, արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը»,– հավելում է ԱԳՆ խոսնակը։
Նա ընդգծում է, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու` Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։
Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում ԱԹՍ-ի հարվածից. Հովհաննիսյան
Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Արցախի ՊԲ ստորաբաժանումները Իգլա ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել
Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։