15:48 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
266 0 0

ՀՀ կառավարությունն առաջարկում է վարչական պատասխանատվության ենթարկել պատերազմական գործողությունների ու ռազմական դրության մասին կեղծ ու խուճապ առաջացնող տեղեկություններ տարարծողներին:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է կառավարության առաջարկած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Դրանցով գործադիրն առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար:

«Օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմական դրության ընթացքում միջոցառումներն ապահովելու տեսանկյունից մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել ու հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը»,- նախագիծը ներկայացնելիս ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը հայտարարեց, որ սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ինչպիսիք են՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի, ֆինանսատնտեսական գործունեության, ապրանքների շրջանառության, պարետային ժամի, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները խախտելու դեպքում, անհետաձգելի աշխատանքներին ներգրավվելուց կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելու դեպքում, ռազմական դրության ժամանակ գործադուլներ, հավաքներ կազմակերպելու, մասնակցելու և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելու համար և մի շարք այլ դեպքերում:

Նշված խախտումներից որևէ մեկը կրկին կատարելու դեպքում նախատեսվում է կրկնակի վարչական տույժ:

Նախագծով նախատեսվում են հետևյալ տույժ-տուգանքները.

1. Ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

2. Ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումները խախտելը`տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

3. Սահմանված` սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելը`տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

4. Պարետային ժամի սահմանման դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելը կամ սահմանված այլ կանոնները խախտելը՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

5. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը` տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

6. Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը` տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված տույժերին ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը` տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով։

8. Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակումը կամ արգելքը խախտելը, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

9. Պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգրավումից աշխատունակ անձի հրաժարվելը կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելը՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

10. Ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը, կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

11. Կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման (ներառյալ` դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման) առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

12. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

13. Ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված այլ միջոցառումները և սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

Ըստ թեմայի

ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի. ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն. կառավարության որոշումը
Կայքերից մեկը սուտ ինֆորմացիա է հրապարակել` խախտելով ռազմական դրության պայմանները. ԱԱԾ
թեգերը:
ԱԺ, ռազմական դրություն, Հայաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ