ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 13-ին Հայաստանում Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն։ Այնտեղ նա հանդիպել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի հետ։
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը:
Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի` Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո