ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում երեկ կադրային փոփոխություններ են եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից։ Նա ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ»,- նշեց Գաբրիելյանը։
Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, որը նախկինում Կոտայքի մարզային վարչության պետն էր։
Փոփոխություն է կատարվել նաև քրեական ոստիկանությունում, մասնավորապես Արտակ Կարապետյանն ազատվել է պետի պաշտոնից և տողափոխվել կադրային ռեզերվ։ Ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանը նշանակվել է ոստիկանության քրեական վարչության պետ՝ մինչ այդ ոստիկանապետի հրամանով ազատվելով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից:
Ոստիկանությունը շրջափակել է ՀՀ կառավարության շենքը․ տեսանյութ
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ, որը Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից:
Ինչ վերաբերում է կադրային փոփոխությունների պատճառներին, Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ ոստիկանությունում կադրային շարժ միշտ կա։