ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը վստահեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի անունից լիազորված չէ նման փաստաթուղթ ստորագրելու, քանի որ 9 կետից կազմված հաշտության համաձայնագիրը պարունակում է միջազգային պայմանագրի դրույթներ:
«Մասնավորապես, համաձայնագիրը վերաբերում է հաշտությանը, ինչպես նաև ՀՀ տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ստեղծմանը, որը ՀՀ քաղաքացիների համար կարող է որոշակի սահմանափակումներ նախատեսել այդ տարածքներից օգտվելու առումով: Բացի վերոգրյալից, վարչապետը լիազորված չէ ժողովրդի անունից նմանաբովանդակ փաստաթուղթ ստորագրելու՝ ժողովրդի կամքին հակառակ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Զոհրաբյանը։
Նա կարծում է, որ նման իրավիճակից դուրս գալու ճանապարհը կարող է լինել Փաշինյանի հրաժարականը, այս փաստաթղթի իրավազորությունը չընդունելը և միասնական ուժերով Հայաստանի և Արցախի պաշտպանությունը կազմակերպելը:
Զոհրաբյանը վստահ է, որ Ռուսաստանը նույնպես կհարգի հայ ժողովրդի որոշումը և չի ցանկանա կորցնել հայ ժողովրդի վստահությունը: Դրան զուգահեռ պետք է զանգվածային անկարգություններից և այլ անօրինական գործողություններից խուսափենք:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:
Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը
Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ