12:59 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
266 0 0

Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական հոգևոր-մշակութային հուշարձանների պաշտպանության գործին։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ Ֆրանսիան ուսումնասիրել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը։ Կարծում են, որ կան կետեր, որոնք հաշվի առնված չեն։ Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կարծիք է հայտնել, որ դրանց պետք է անդրադառնալ հավանաբար Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

Նա խոսել է Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությանը։ Պետքարտուղարի խոսքով` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկացել է, որ ֆրանսիական կառավարությունը շատ արագ գործի անցնի և հումանիտար օգնություն ցուցաբերի արցախահայությանը։ Նախագահ Մակրոնի ցանկությունն է, որ այս օգնությունը շարունակական լինի։

Լըմուանն ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում նախագահ Մակրոնը բազմիցս շփումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ։ Նախագահն իր շփումներում առիթ է ունեցել տարբեր ուղղություններով իր հանձնառությունը արտահայտելու, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող մշակութային արժեքների պահպանության հարցում։

«Այդ գանձերի պահպանության հարցում մենք համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաև այլ կառույցների հետ, որոնք ստանձնել են դրանց պաշտպանության առաքելությունը»,- ասել է պետքարտուղարը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Ըստ թեմայի

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ԱԳՆ
Ֆրանսիայի մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը Հայաստան է ժամանել
ՀՀ նորանշանակ արտգործնախարարը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարի հետ. տեսանյութ
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Արցախ, Ֆրանսիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ