18:52 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP724.44
  • EUR629.24
  • RUB6.94
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
438 0 0

ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ անմարդկային վերաբերմունքի արժանացած 66 հայերից Ադրբեջանն առ այսօր հաստատել է միայն 15-ի փաստը։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանը դեկտեմբերի 9-ին նոր դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` խնդրելով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` նշելով, որ նոր դիմումը վերաբերում է Ադրբեջանի կողմից անմարդկային վերաբերմունքի ու բռնությունների ենթարկված 15 անձանց։

«Երկուսը հրադադարի հաստատումից հետո ադրբեջանցիների կողմից առևանգված սփյուռքահայերն են, որոնք հայտնվել են գերության մեջ։ Կան անձինք, որոնց մասին տարբեր աղբյուրներից տեղեկություններ ունենք, որ նրանք այնտեղ են, և այդ ապացույցների հիման վրա էլ այդ խնդրանքը ներկայացրել ենք»,– ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` վերջին ներկայացված 15 դեպքերից սա միակն է, որ տեղի է ունեցել զինադադարի հաստատումից հետո, մյուսները պատերազմական գործողությունների ժամանակ կամ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված համայնքներից գերեվարված անձինք են։

Представитель Армении в Европейском суде по правам человека Егише Киракосян в гостях радио Sputnik
© Sputnik / Andranik Ghazaryan
Եղիշե Կիրակոսյան

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության կողմից արդեն 66 անձի վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել։ Ադրբեջանական կողմից մենք ստացել են հաստատում միայն իրենց մոտ առկա 16 անձի մասով»,– ասաց Կիրակոսյանը։

Նա նշեց, որ մնացած 50 հոգու մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տրամադրել։

«Մենք մի քանի խմբաքանակներով ենք ներկայացրել` սկզբից` 9, հետո`10, հետո` ևս 32, հետո`15»,– պարզաբանեց Կիրակոսյանը` հավելելով, որ հայցերից յուրաքանչյուրում նշված փաստերով ՄԻԵԴ–ը առանձին հրատապ միջոց է կիրառել Ադրբեջանի նկատմամբ` այդ երկրից սահմանված ժամկետում տեղեկություն պահանջելով հայցում նշված անձանց մասին։

Ադրբեջանին հատկացված 2 ժամկետներից մեկը` գերիներից մի քանիսի վերաբերյալ, ավարտվել է երեկ, մյուսն ավարտվում է այսօր։ Բայց Հայաստանում Ադրբեջանի պատասխանները դեռ չեն ստացել։

ՄԻԵԴ–ի դիմումներում արձանագրված 66 անձանց մեծ մասը զինծառայողներ են, նրանցից միայն շուրջ 20–ն են քաղաքացիական անձինք։

Բացի պետության կողմից ներկայացված 66 անձանցից, ևս 57 անձանց նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերով էլ ՄԻԵԴ առանձին հայցեր են ներկայացրել տուժողների ընտանիքների փաստաբանները։

Անդրադառնալով համացանցում պարբերաբար հայտնվող տեսանյութերին, որոնք փաստում են Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից հայերի նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները, Կիրակոսյանը նշեց, որ դրանք ևս անպայման տեղ են գտնում իրենց հայցերում։ Ի թիվս այլոց, վերջերս համացանցում նաև տարեց տղամարդու գլխատման տեսանյութ էր հրապարակվել։ Կիրակոսյանը հայտնեց, որ այս դեպքը ևս անպայման ներառվելու է ՄԻԵԴ–ի հիմնական գանգատում։

«Այն փաստերը, որոնք ուղղակիորեն ապացուցում են պատերազմական հանցագործությունները կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես այդ զարհուրելի դեպքը, դրանց հետ կապված բոլոր ապացույցները մեզ մոտ հավաքագրվում են հետագա գործի շրջանակներում օգտագործվելու համար»,– ասաց ՀՀ ներկայացուցիչը` վստահեցնելով, որ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքից տուժած որևէ անձի իրավունք ՄԻԵԴ–ի գանգատում չի անտեսվի` թե՛ ողջ մնացած, և թե՛ մահացած։

Այս համատեքստում Կիրակոսյանը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից գերեվարված ու մինչ նոյեմբերի 1-ին Հայաստանին արտահանձնելը մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի դեպքով Հայաստանն արդեն դիմել է ՄԻԵԴ։ Իսկ դեկտեմբերի 9-ին արտահանձնված մեկ այլ տարեց քաղաքացու փաստով ապացույցները դեռ հավաքագրվում են։

Հիշեցնենք` դեկտեմբերի 9-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան էին տեղափոխվել գերեվարված 3 տարեց քաղաքացիներ ու մեկ քաղաքացու դի, որը մահացել էր գերության մեջ։

Նշենք, որ կատարված դատաբժշկական փորձաքննությունն ապացուցել էր, որ Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, ուղղակի գործադրված բռնության հետևանքով։ Մահացած երկրորդ գերու մահվան պատճառը պաշտոնապես դեռ չի հայտարարվել։

Ըստ թեմայի

Ադրբեջանում հայտնված ևս 23 հայ գերիների պաշտպանության համար ՄԻԵԴ–ը հրատապ միջոց կկիրառի
Ամեն ինչ արվում է գերիների փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար. Ավինյան
Երևանը հուսով է, որ Բաքուն չի փորձի խափանել գերիների փոխանակման գործընթացը. Այվազյան
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), գերի, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ