21:43 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
55701

Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամ` պարզելու, թե աղմուկ հանած որոշման արդյունքն ինչ է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամից կառավարությանը փոխանցված գումարը նախատեսված է ծախսել միայն ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հայտնել են «Հայաստան» հիմնադրամից։

Դեռ նախորդ ամիս հիմնադրամը կառավարությանը 52 մլրդ դրամ էր փոխանցել, ինչը դժգոհությունների տեղիք էր տվել։ Հնչում էին կարծիքներ, որ ոչ իրավաչափ է քաղաքացիների տրամադրած գումարը տրամադրել կառավարությանը։ Ավելին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծիք էր հայտնել, թե հիմնադրամից ՀՀ կառավարությանը փոխանցած գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով: Նախագահն ասել էր, որ պետք է շտապ աուդիտ անցկացվի և սպառիչ տեղեկատվություն տրամադրվի հիմնադրամի հանգանակած միջոցների և դրանց նպատակային կառավարման վերաբերյալ։

Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր հիմնադրամին` պարզելու որոշ հարցեր։ Մասնավորապես, հիմնադրամից կոնկրետ որքա՞ն գումար է փոխանցվել ՀՀ կառավարությանը և ի՞նչ ծրագրերի վրա են դրանք ծախսվելու։ Այդ ծրագրերից յուրաքանչյուրի համար որքա՞ն գումար է ծախսվել։ Բացի այդ, հետաքրքրվել էինք նաև, որ ե՞րբ է նախատեսված աուդիտորական ուսումնասիրության ավարտը, և ավարտից հետո ինչպե՞ս են ներկայացնելու արդյունքները։

«Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն՝ «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում հանգանակված միջոցներից 52, 703,113,395 դրամ է փոխանցվել առանձնացված գանձապետական հաշվեհամարին: Նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել կառավարությանը 2020 -ի պետբյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցներն ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը»,–նշված է հիմնադրամի պատասխանում։

Բացի այդ, հայտնում են նաև, որ կառավարության երկու որոշումներով` արդեն իսկ շուրջ 20 մլրդ դրամ նախատեսված է վճարել Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների 100-ից ավել բնակավայրերից տեղահանված բնակչությանը։

Վերոհիշյալ բնակավայրերի բնակիչներից յուրաքանչյուրին 300 000 դրամ միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի, ինչպես նաև 68 000 դրամ և ավել միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի շուրջ 100 000 արցախցու:

Իսկ ինչ վերաբերում է աուդիտորական ուսումնասիրությանը, ապա «Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնել են, որ աուդիտի արդյունքում կներկայացվի հաշվետվություն, որը կհրապարակվի հիմնադրամի կայքում:

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը նույնպես պարզաբանում էր տարածել հիմնադրամի` կառավարությանը փոխանցած գումարի առնչությամբ։ Մասնավորապես, հայտնել էին, որ որոշումն արժանացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանը, իսկ այդ գումարի օգտագործման պայմանը համապատասխանում է հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված գործունեության նպատակներին և խնդիրներին, ուստի դրա ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են։

«Հայաստան» հիմնադրամը 1 100 000 դոլար կփոխանցի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Ըստ թեմայի

Արցախի վարչապետը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրենին
Արմավիրցի փոքրիկն ավելի քան 4 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամ՝ ընկույզ վաճառելով
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հատուցման չափերը
թեգերը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, փող, ՀՀ կառավարություն

Գլխավոր թեմաներ