07:40 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14410

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ հայ ժողովուրդը դարերի ընթացքում հաղթահարել է պատերազմների, աղետների տառապանքներն ու զրկանքները, հուսախաբությունն ու հուսալքությունը և կերտել իր կյանքի հաղթանակները:

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մատուցված սուրբ պատարագից հետո։

«Սիրելիներ, Քրիստոսի հրաշափառ ծնունդը հույսի և մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար հատկապես վշտատանջ այս օրերին, երբ անդրադառնում ենք, որ մեր կյանքը ևս զերծ չեղավ կործանարար սխալներից և մեղանչումներից։ Անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին և օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր և շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ և ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ»,–ասել է վեհափառը։

Նրա խոսքով`արցախյան պատերազմի աղետալի հետևանքները տագնապի ու անորոշության զգացումներով են պաշարել հայ ժողովրդին։

«Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, մեր հերոս զավակների նահատակությունը, անօթևան ու նյութական կարիքի մեջ գտնվող տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր եղբայրների ու քույրերի, հազարավոր վիրավորների և գերեվարված հայորդիների ցավն ու վիշտը մեր ազգային կյանքը հայրենիքում ու սփյուռքում վերածել են մռայլ ու մթագնած գիշերվա։ Այս խավարի, մղձավանջային այս իրականության մեջ այսօր պայծառորեն ծագում է արդարության արեգակը՝ լուսավորելու մեր ազգային ու հայրենական անդաստանը և իր ջերմացնող զորությամբ բժշկություն պարգևելու ազգիս վիրավոր հոգուն»,–ասել է Գարեգին Բ–ն։

Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը դարերի ընթացքում հաղթահարել է պատերազմների, աղետների տառապանքներն ու զրկանքները, հուսախաբությունն ու հուսալքությունը և կերտել իր կյանքի հաղթանակները:

«Այս օրերին ևս մեր հավատքը կենդանի է նույն վստահությամբ։ Մենք ի զորու ենք վերստին հզորացնելու ու շենացնելու մեր հայրենիքը և մեր կյանքի նոր զարթոնքը իրականություն դարձնելու աշխարհասփյուռ հայության ներուժի ու ջանքերի մեկտեղումով, Հայաստան ու Արցախ համերաշխ ու միաբան հասարակությամբ, զարգացած տնտեսությամբ, գիտությամբ ու կրթությամբ, նորագույն զինտեխնիկայով համալրված բարձր մարտունակությամբ բանակով։ Ինչպես պատերազմի տագնապալի օրերին, մեր սրտերը պիտի բաբախեն հայրենիքի սիրով, մեր մտքերն ու նվիրական զգացումները փարված լինեն հայրենի սրբազան երկրին։ Հայրենական կյանքի կայունությունը հաստատուն պահելու, երկիրը վտանգների չառաջնորդելու, առկա ճգնաժամերը հաղթահարելու, արտագաղթի աղետը կասեցնելու համար հարկ է ամեն հանձնառություն, ամեն զոհաբերություն»,– շեշտել է վեհափառը։

Նա ներկաների հետ աղոթել է, որ Սուրբ ծննդյան ավետաբեր լույսով միշտ լուսավորվի մեր երկիրն ու հայ ժողովրդի սրտերը։

«Թող Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մարդկանց հոգիներին, իր խնամքի մեջ խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը, և շնորհի բարօր ու շեն կյանք աշխարհասփյուռ ազգիս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»,–եզրափակել է Գարեգին Բ–ն:

Հավելենք, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ քաղաքացիներն այսօր առավոտից «Չենք թույլատրելու դավաճանի մուտքը սրբավայր» կարգախոսով ակցիա էին կազմակերպել: Նրանք նախապես հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ թույլ չեն տալու, որ Փաշինյանը մուտք գործի եկեղեցի:

ՀՀ վարչապետն այդպես էլ չմասնակցեց պատարագին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնեց, որ Հայաստանում համաճարակային իրավիճակով պայմանավորված` Փաշինյանն ինքնամեկուսացել է։

Ըստ թեմայի

Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի սուրբ պատարագ․ տեսանյութ
«Այն, ինչ մեզ պետք է այս օրերին». ՀՀ նախագահը շնորհավորել է Սուրբ ծնունդը
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հայաստան

Գլխավոր թեմաներ