ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Կա ստույգ ինֆորմացիա, որ բոլոր գեներալները, այդ թվում` Սեյրան Օհանյանը, իրավունք չունեին ղեկավարելու պատերազմական գործողություններ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը։
Դատարանում այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստը։ Դատարանի բակում հավաքված են Քոչարյանի աջակիցները։
«Գիտեմ, որ Օհանյանը, վիրավորված լինելով, զսպել է իր մեջ ցասումը և փորձել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին օգնել` օրենսդրական դաշտում, կազմակերպչական հարցերում»,–ասաց Խաչատրյանը։
Նա մանրամասնեց` ասելով, որ չի ուզում Օհանյանի անունից հայտարարություններ անել, սակայն կոնկրետ Արայիկ Հարությունյանի անունից եղել է հրաման, որ Օհանյանը բունկեր մտնելու իրավունք չունի։ Չնայած վիրավորանքին, Օհանյանը որոշել է մնալ Արցախում։ Կնոջ խոսքով` նա Արցախում մնացել է որպես զինվոր` իր ուժերի սահմանում մինչև վերջին վայրկյանը փորձելով պաշտպանել Արցախը։
Հարցին, թե կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն է հրահանգել, որպեսզի Օհանյանին թույլ չտան պատերազմական գործողություններ ղեկավարել` Խաչատրյանը պատասխանեց, թե չի կարծում, որ Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել...
Իշխանությունը «Հաղթելու ենք» կարգախոսը փոխարինել է «Լռելու» ենք կարգախոսով. Սեյրան Օհանյան
Խոսելով Շուշիի անկման մասին` Խաչատրյանը նշեց, որ պատերազմի բոլոր հանգամանքները հետաքննության նյութ են։ «Բազմիցս, երբ թույլատրելիության սահմաններում զրույցներ են եղել Օհանյանի հետ, զգացել եմ, որ անհասկանալի բաներ կան այդտեղ, որոնք պարզվելու են՝ ինչպես է եղել, հրահանգները ում կողմից են եղել: Շուշիի դեպքում ինչ-որ բան եղավ, որն անհասկանալի էր»,–ասաց Խաչատրյանը։
Սեյրան Օհանյանի և Արթուր Դավթյանի միջև «սև կատու» է անցել. փոխադարձ հայտարարություններ
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերի 19-ին, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտնել էր, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եղել է հրամանատարական կետում, և երբ ինքը խնդրել է դուրս գալ, Փաշինյանն իրեն կանչել է Երևան և արգելել վերադառնալ Արցախ։