17:21 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
66 0 0

ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով Իրանի ԱԳ նախարարին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ այսօր շատ կարևոր հարցեր կան քննարկելու՝ երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հարցը, այդ թվում նաև տարբեր հարթակներում համագործակցության հարցերը:

«Իհարկե, տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից է լինելու: Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է: Իհարկե, մեր երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա, և միշտ ուրախ ենք Իրանի ներկայացուցիչներին ընդունել մեր երկրում և մեր կառավարությունում»,–ասել է Փաշինյանը:

ԻԻՀ արտգործնախարարը փոխանցել է պարոն Ռոհանիի ջերմ ողջույնները` նշելով, որ Հայաստանն Իրանի Իսլամական Հանրապետության լավ հարևանն է, և իրենք Հայաստանի Հանրապետության հետ ունենք շատ ջերմ հարաբերություններ:

«Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից և՛ ձեզ հետ, և՛ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել և ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, և լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք»,–ասել է նա:

Զարիֆն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ հետևյալն է. միջազգային իրավունքի պահպանում, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը: «Անշուշտ, Դուք տեղյակ եք նաև մեր հոգևոր առաջնորդի պնդման մասին, որը հայերի անվտանգության պահպանումն է, ինչպես նաև նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը: Նաև Դուք գիտեք, որ մենք Իրանում հյուրընկալում ենք մեր հայ հայրենակիցներին և միշտ պատրաստ ենք ծառայելու նրանց, շատ լավ և ջերմ հարաբերություններ ունենք նրանց հետ»,–ասել է Իրանի ԱԳ նախարարը:

ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության ապահովման և այդ ուղղությամբ կառուցողական փոխգործակցության ոգով աշխատանքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ կան և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ, և միայն համատեղ կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի միջոցով հնարավոր կլինի կայունություն և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վարչապետը նշել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Իրանն ուզում է ցույց տալ իր ազդեցությունը. ռուս փորձագետի դիտարկումները Զարիֆի այցի մասին

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հումանիտար խնդիրների շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների: Պարոն Զարիֆը նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի մտահոգությունները և պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին:

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հավանական ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Նշենք, որ տարածաշրջանային այցի շրջանակում երեկ` հունվարի 26–ին, Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Տեղեկությունը հայտնում ՀՀ արտգործնախարարությունը։

Ըստ թեմայի

Հայաստանն ու Իրանը տնտեսական հուշագիր են ստորագրել
Իրանի արտգործնախարարը ժամանեց Հայաստան
Մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների․ Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին
թեգերը:
տարածաշրջան, Արցախյան պատերազմ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Գլխավոր թեմաներ