14:12 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Պատգամավորներն առաջարկում են անհայտ աղբյուրների տեղեկությունների հրապարակման պատասխանատվությունը գցել ԶԼՄ-ների վրա:

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Եթե նախագիծն ընդունվի, ապա հայկական ԶԼՄ-ներում կարգելվի հղում անել անանուն Telegram-ալիքներին։ Աղմկահարույց օրինագծի հեղինակներից մեկը՝ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին։

«Մենք ասում ենք՝ եկեք չգովազդենք այնպիսի աղբյուրներ, որոնց ծագումնաբանության մասին որևէ մեկը տեղեկություն չունի: Օրինակները բազմաթիվ են, բոլոր այդ աղբյուրների վրա հղում անելը, ակտիվ հղում տեղադրելը, անունը նշելը արգելվելու է այդ կարգավորմամբ: Սա բացարձակապես կապված չէ գաղտնի աղբյուրների հետ»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը և ավելացրեց, որ որևէ կերպ չի սահմանափակվում տեղեկատվություն տարածելու իրավունքը, և խոսքը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրների մասին չէ։

Նրա խոսքով` լրատվամիջոցը կարող է վկայակոչել անանուն աղբյուրներին, սակայն առանց նշելու այդ աղբյուրի անունը, որպեսզի այն չգովազդվի:

ԶԼՄ–ները կարող են վերցնել նաև այդ ալիքների հրապարակած տեղեկությունը, ճշտել, հավաստի դարձնել, նոր հրապարակել, և այդ դեպքում չի խախտվի որևէ մեկի հեղինակային իրավունքը:

Պատգամավորները հանդես են եկել նման նախաձեռնությամբ, քանի որ, ըստ Հովհաննիսյանի, դրսից ղեկավարվող բազմաթիվ աղբյուրներ պատերազմի օրերին այնպիսի տեղեկություններ են հրապարակել, որոնք խնդիրներ են առաջացրել երկրում՝ ստեղծելով անկայունության և վախի մթնոլորտ։ «Նման աղբյուրների գովազդումը հայկական ռեսուրսների կողմից նպաստում է նրան, որ հանրությունը այդ աղբյուրներին սկսում է նույնականացնել լրատվական գործունեություն իրականացնողների հետ»,– ասաց Հովհաննիսյանը։

Պատգամավորը նշեց, որ մեկ ամիս ժամանակ կա առաջարկությունների համար, իրենք պատրաստ են լսել ցանկացած առաջարկ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։ Հատկանշական է, որ նախագծի հեղինակների վեցից հինգը նախկինում աշխատել են որպես լրագրող։ Այսպես` նախագիծն առաջարկող պատգամավորներն են Արթուր Հովհաննիսյանը (աշխատել է Para TV-ում), Սարգիս Խանդանյանը (CivilNet-ում), Հայկ Կոնջորյանը (lragir.am-ում), Վահագն Հովակիմյանը (Հայկական ժամանակ, Ժողովուրդ, panorama.am), Թագուհի Ղազարյանը (armsport.am): Նրանցից միայն Համազասպ Դանիելյանը լրագրող չէ։

թեգերը:
Օրենք, ԶԼՄ, Հայաստան

Գլխավոր թեմաներ