ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ, հաստատվել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ պայմանավորվածության համաձայն ձևավորվող հանձնաժողովների հայկական պատվիրակության կազմերը: Որոշումը հրապարակվել է կառավարության կայքէջում։
Ինչ փաստաթուղթ են ցույց տվել Ալեն Սիմոնյանին Մոսկվայում եռակողմ հայտարարությունից առաջ
Որոշման համաձայն` եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվող հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, նրա տեղակալը՝ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, հանձնաժողովի քարտուղարն է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ Ա. Գրիգորյանը:
Հանձնաժողովի մյուս անդամներն են
- Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
- Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
- Է. Ասրյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ
- Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ
- Երկաթուղային, ավտոտրանսպորտային եւ համակցված փոխադրումների հարցերով աշխատանքային ենթախմբի կազմում են՝
- Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)
- Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- Է. Ասրյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ
- Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ
- Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ
- Տ. Գասպարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ
- Կ. Բադալյան - «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ավտոտրանսպորտային ծրագրերի ղեկավար
- Ա. Մելնիկով - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
- Օ. Շատալով - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ
- Լ. Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջազգային կապերի վարչության պետ (աշխատանքային ենթախմբի քարտուղար)
- Փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական եւ այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի կազմում են՝
- Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)
- Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- Գ. Ավետիսյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
- Վ. Փիլիպոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի պետ
- Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ
- Մ. Մարտիրոսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ (աշխատանքային ենթախմբի քարտուղար)։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին
Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։