ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Երկրում ստեղծված իրավիճակում համերաշխություն պահպանելու համար յուրաքանչյուրիցս բացառիկ ջանքեր են պահանջվում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի պաշտոնական էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով մարդու իրավունքների նկատմամբ բացարձակ հարգանքն ապահովելու անհրաժեշտությունը։
Պաշտպանը շեշտում է՝ չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում:
«Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում»,- նշված է պաշտպանի հայտարարության մեջ։
Թաթոյանը շեշտում է՝ այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն:
Հիշեցնենք`ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարություն տարածեց` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։
Փաշինյանն իր հերթին սա որակեց որպես հեղաշրջման փորձ ու իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ` հայտնելով, որ ժամը 16։00–ին ելույթ է ունենալու։