11:22 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25411

Ի աջակցություն ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ՊՆ–ի մոտ հավաքված զինվորականներն ասում են, որ մարզերում ապրող շատ զինվորականներ կան, որ պատրաստ են միանալ իրենց։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ի պաշտպանություն ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ՀՀ պաշտպանության նախարարության մոտ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում զինվորականներ ու քաղաքացիներ։

Հավաքված զինվորականները նշում են, որ իրենք նույնպես պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Կառավարությունն իր խնդիրներն այլևս ի զորու չէ կատարել, և պետք է սթափ գնահատի իր ուժերն ու կարողությունները և հրաժարական տա։ Ասում էին` մենք երկիր չունեինք թուրքին տալու, բայց տվեցին։ Կարծես բոլորս անտարբեր կերպով հետևում ենք, թե հետո ինչ պետք է լինի։ Ասես այդպես էլ պիտի լիներ։ Սակայն մենք` սպաներս, դա թույլ չենք տա»,–լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Կարեն Սարգսյանը։

Անդրադառնալով կարծիքներին, թե բանակն իրավունք չունի խառնվելու քաղաքականությանը` Սարգսյանը նշեց, որ բանակը քաղաքականությանը որևէ կերպ չի էլ խառնվել։

Նա հայտնեց, որ մարզերում ապրող շատ զինվորականներ կան, որ պատրաստ են միանալ իրենց։

Պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանն էլ ասաց, որ Օնիկ Գասպարյանն այս ընթացքում ինչ էլ որոշի` նրա հետ են լինելու, նրա կողքին կանգնելու են։

«Օնիկ Գասպարյանն իմ հրամանատարն է եղել ու որպես զինվորական` իր պարտականությունները լիովին նա հիմա էլ է կատարում։ Գասպարյանը զգաց` երկրի գլխին կախված ինչ վտանգ կա, դրա համար էլ նման քայլի գնաց ու հայտարարություն տարածեց»,–ասաց նա։

Նշենք, որ բողոքի ակցիան շարունակվում է։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Ըստ թեմայի

Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
թեգերը:
Սպա, Օնիկ Գասպարյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Բողոքի ակցիա, Զինվոր

Գլխավոր թեմաներ