13:15 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
571 0 0

Օնիկ Գասպարյանի փաստաբանը հայտնեց, որ դատարանը վարույթ է ընդունել իրենց ներկայացրած հայցը։ Իսկ հայցի ապահովման մասին իր ունեցած լուրերի իսկությունը փաստաբանը կիմանա վաղն առավոտյան։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը ներքին կարգով տեղեկություններ ունի, որ դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ կարգելվի ԳՇ նոր պետի նշանակումը։ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց այդ մասին` անդրադառնալով Օնիկ Գասպարյանի` պաշտոնից ազատվելու հարցով Վարչական դատարան դիմելուն։

«Առավոտյան դատարանի հետ կապ կհաստատեմ  և մեր հայցի ապահովման միջնորդության առնչությամբ դատարանի որոշումը կվերցնեմ։ Այդ ժամանակ կարող եմ հստակ ասել` ճի՞շտ են մեր լուրերը, թե ոչ։ Սակայն դատարանը վարույթ է ընդունել իմ` իրավահարաբերության ճանաչման հայցը, որի մասին որոշումն իմ ձեռքի տակ է»,–ասաց փաստաբանը։

Նրա խոսքով` վերոհիշյալ հայցով խնդրել էին դատարանին ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։

Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ նախ Վարչական դատարան 2 հայց են ներկայացրել` պաշտոնից ազատման առոչնչության և դրա վիճարկման առնչությամբ։ Սակայն երկուսն էլ դատարանը հետ է վերադարձրել։ Նույն օրը երրորդ` իրավահարաբերության բացակայության հայց է ներկայացվել։

Ի դեպ, հայցերը մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։

Նշենք, որ եթե հայցի ապահովման միջոցի միջնորդությունը բավարարվի, սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել ԳՇ պետի պաշտոնում։

Հիշեցնենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը Facebook-ի իր էջում այսօր անդրադարձել էր Օնիկ Գասպարյանի գործը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին` ասելով, որ նա ունի առավելապես դրական և արդարադատություն իրականացնող դատավորի համբավ: Վարդևանյանը նշել էր նաև, որ, ըստ մամուլում հրապարակված տեղեկության` իշխանությունները որոշել են ամեն կերպ ճնշել դատավորին։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Ըստ թեմայի

Արտակ Դավթյանը դեռ չի կարող նշանակվել ԳՇ պետ. Մելոյանը պարզաբանում է` ինչու
Դա ռազմական հեղաշրջման փորձ չէր․ Արա Այվազյանը՝ ԳՇ հայտարարության մասին
Այս տրամաբանությամբ Խաչատրյանը շարունակում է մնալ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում. պաշտպան
թեգերը:
Դատարան, Հայաստան, պաշտպան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Օնիկ Գասպարյան

Գլխավոր թեմաներ