20:04 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
73 0 0

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու` Նիկոլ Փաշինյանի առաջարկից հետո Գասպարյանի շուրջ խոսակցություններն ու զարգացումները չեն դադարում։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ՀՀ դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ավելի վաղ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման առնչությամբ, այնպես էլ պաշտպանության նախարարի անգործությունը վիճարկելու համար։

Փաշինյանը մարտի 22-ին Facebook–ի իր էջում գրառում էր արել` ասելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ Սակայն օրեր առաջ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Այսինքն` դատարանը պահանջել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։  

Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ որոշումն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ:

Ըստ թեմայի

Վարչական դատարանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետի ու նախագահի
Օնիկ Գասպարյանի կատարողական թերթերը հարկադիր կատարողը վերադարձրել է վարչական դատարան
Դատարանի կայացրած որոշմամբ Օնիկ Գասպարյանը չի կարող վերականգնվել իր պաշտոնում. նախարար
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), ՀՀ դատախազություն, Օնիկ Գասպարյան

Գլխավոր թեմաներ