15:01 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48 0 0

ՀՀ արտգործնախարարը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից քրիստոնեական մշակութային արժեքների միտումնավոր պղծման և ոչնչացման քաղաքականությունը:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու Սուրբ Աթոռի հետ պատմական և հոգևոր համընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները: Մտքեր են փոխանակվել սերտ երկխոսության և բարձր մակարդակով շփումների դինամիկայի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

«ՀՀ արտգործնախարարը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին ներկայացրել է նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Որպես անհապաղ լուծում պահանջող հարց՝ նախարարը շեշտել է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անվտանգ հայրենադարձումը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ընդգծելով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հրատապությունը՝ Այվազյանը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից քրիստոնեական մշակութային արժեքների միտումնավոր պղծման և ոչնչացման քաղաքականությունը: Այս առնչությամբ կարևորել է միջազգային հանրության գործուն միջամտությունը:

Հիշեցնենք` Ադրբեջանը հողին է հավասարեցրել Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը։ Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանցիներն արդեն ավերել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, պղծել Մատաղիսի եկեղեցին, գետնին հավասարեցրել 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։

թեգերը:
Արա Այվազյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ