22:21 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
56 0 0

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ՌԴ գլխավոր դատախազը ընդգծել է, որ երկու երկրների գլխավոր դատախազությունները գտնվում են մշտական կապի մեջ, ինչը նպաստում է հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցությանը:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարչապետը ողջունել է ՌԴ գլխավոր դատախազի այցը Երևան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությունը հանցավորության դեմ պայքարում և առկա մարտահրավերներին դիմակայելու գործում:

«Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Իգոր Կրասնովի ջանքերը պատերազմի հետևանքով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող անձանց հետ վերադարձի ապահովման ուղղությամբ: Այս գործում ներդրվող ավանդի, իրականացվող քայլերի, ինչպես նաև իրավապահ բնագավառում արդյունավետ համագործակցության համար Նիկոլ Փաշինյանն Իգոր Կրասնովին հանձնել է շնորհակալագիր», – նշված է հաղորդագրության մեջ:

Իր հերթին ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել, որ հայ գործընկերների հետ համագործակցությունը կրում է վստահելի բնույթ:

 Իգոր Կրասնովի խոսքով՝ երկու երկրների գլխավոր դատախազությունները գտնվում են մշտական կապի մեջ, ինչը նպաստում է հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցությանը:

Հայ–ռուսական բանակցությունների ֆոնին. Պուտինն ու Ալիևը որոշել են ակտիվացնել շփումները

«ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: ՌԴ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այդ ուղղությամբ իր ջանքերը կրում են շարունակական բնույթ և կանի ամեն ինչ՝ խնդրի լուծման նպատակով», – նշված է հաղորդագրության մեջ: 

Փաշինյանն էլ նշել է, որ ՀՀ կառավարությունն առանձնակի կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը երկարատև համատեքստում ու այդ առումով արդյունավետ գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 7-ին ունեցած բանահյուսությունների արդյունքները:

թեգերը:
Ադրբեջան, գերի, դատախազ, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ