05:12 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Փաշինյանի կարծիքով` չնայած ամիսներ շարունակ Հայաստանում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, բայց ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծվել է առանց բռնությունների:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է հրավիրված կոլեգիայի նիստին: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ նիստը կառավարության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհված բոլոր ոստիկանների հիշատակին:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն աշխատում է, մեղմ ասած, գերծանրաբեռնված:

Նախ կորոնավիրուսի համավարակը, հետո վրա հասավ 44-օրյա պատերազմը, որին ոստիկանության ծառայողները, ոստիկանության զորքերի ծառայողները շատ ուղիղ և գործուն մասնակցություն ունեցան՝ աչքի ընկնելով իրենց սխրանքներով, և ցավոք բազմաթիվ ծառայողներ զոհվեցին հանուն հայրենիքի: Նաև մի քանի տասնյակ ոստիկաններ ծանր վիրավորում ստացան և ձեռք բերեցին հաշմանդամություն:

«44-օրյա պատերազմից հետո, ներքաղաքական կրքերը բորբոքվեցին, և ես ուզում եմ գոհունակությամբ նշել, որ, երևի թե, մենք հիմա համաշխարհային պատմության համար աննախադեպ մի երևույթ ունենք, որ չնայած ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, բայց, ըստ էության, մենք ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների:

Ընդ որում, սա ուզում եմ ընդգծել, որ նաև այն ուժերը, ովքեր հանդես են եկել բռնության կոչերով, իրենք նույնպես հնարավորություն չեն ունեցել բռնություն գործադրել, բացի, իհարկե, ամսի 9-ի, լույս 10-ի գիշերվա իրադարձություններից, երբ մեր ոստիկանությունը, իրավապահ մարմինների մի հսկայական հատվածը գտնվում էր առաջնագծում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելու»,–ասել է Փաշինյանը` ընդգծելով, որ դա համարում է մեր իրավապահ համակարգի, այդ թվում՝ ոստիկանության շատ կարևոր նվաճումն ու ձեռքբերումը։

Կառավարությունը բարձրացնում է ոստիկանների աշխատավարձերը, բայց ոչ բոլորինը

Նրա խոսքով` կարողացել ենք գնալ մի ճանապարհով, որը մեզ հնարավորություն տվեց և հնարավորություն կտա ոչ թե ատելության մթնոլորտ սահմանել, ոչ թե թշնամության մթնոլորտ սահմանել, այլ որպեսզի մենք իսկապես համախմբենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Արցախի ժողովրդին, հայ ժողովրդին մեր պետականության, օրինականության, իրավակարգի շուրջ:

«Եվ առաջիկայում, իհարկե, շատ կարևոր անելիք կա այդ առումով: Մեզ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և հույս ունեմ և համոզված եմ, ՀՀ իրավապահ մարմինները, ոստիկանությունը կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը»,–ասել է վարչապետը:

Փաշինյանը հիշատակել է ոչ միայն պատերազմի ժամանակ ընկած մեր ոստիկաններին, այլ նաև այն ոստիկաններին, ովքեր զոհվել են հանցավորության դեմ պայքարի ընթացքում, որովհետև նրանք նույնպես հանուն հայրենիքի, ժողովրդի, իրավունքի և օրինականության են տվել իրենց կյանքը:

«Հայաստանի Հանրապետությունը և համոզված եմ նաև ՀՀ ոստիկանությունն ամեն ինչ կանեն և ամեն ինչ անում են մեր այդ գործընկերների, նրանց ընտանիքիների կողքին լինելու համար: Եվ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետությանը կատարված ծառայության համար, օրինականությանը, իրավակարգին, հասարակական կարգին ձեր մատուցած ծառայությունների համար»,–ասել է Փաշինյանը:

Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից․ ՄԻՊ

Նա նշել է, որ մենք չպիտի մոռանանք կամ ուրիշները չպիտի մոռանան, որ ոստիկանությունը, իրավապահ մարմիններն ուժային կառույցներ են և իրավունք ունեն օրինական ուժ գործադրելու բոլոր այն դեպքերում, երբ օրենքը խախտելու հակվածություն ունեցող մարդիկ, շրջանակները կհատեն գծեր, որը ոչ մեկին չի կարելի:

Այնուհետև կոլեգիայի նիստում զեկուցվել է 2020 թվականին ոստիկանության իրականացրած աշխատանքների արդյունքներն ու իրավակարգի ապահովմանը միտված միջոցառումների հաշվետվությունը:

թեգերը:
շնորհավորանք, Նիկոլ Փաշինյան, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ