05:39 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)
55801

ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել երկու տասնյակից ավելի երկրների, միջազգային կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Լիբանանի, Հունաստանի նախագահներին, Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, Նիդեռլանդների, Բելգիայի, Շվեդիայի թագավորներին և այլոց: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահներին, խորհրդարաններին, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներին՝ Հայոց ցեղասպանությունը տարբեր ձևաչափերով ճանաչելու, դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայոց ցեղասպանության ճանաչումը, Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը, Ձեր հրամանագրով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը ևս մեկ անգամ ընդգծում են Ֆրանսիայի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ռուսաստանի և անձամբ Ձեր ջանքերը: Ցեղասպանության ճանաչումը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիրը, Պետական դումայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում են Ռուսաստանի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղած նամակում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել 2019թ. ԱՄՆ կոնգրեսի զույգ պալատների որոշումը և մասնավորապես նշել. «Հայաստանում մեծ գոհունակությամբ ընդունեցինք 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որին հաջորդեց ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է ճանաչել մարդկության դեմ իրականացված հանցագործությունը. «Մենք համոզված ենք, որ ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Ակնկալում ենք, որ Դուք կվերահաստատեք պատմական արդարությունն առաջ մղելու և նոր ցեղասպանությունները կանխելու Ձեր հանձնառությունը»:

Նամակներում Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)

Ըստ թեմայի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի շարք կուսակցությունների ղեկավարների
Արմեն Սարգսյանը նկարել է Արարատ լեռը. Վրաստանի նախագահը լուսանկար է հրապարակել
Արմեն Սարգսյանը Թբիլիսիում պատմել է` ինչի մասին է խոսել վրացի գործընկերների հետ
թեգերը:
Ջո Բայդեն, Էմանուել Մակրոն, Վլադիմիր Պուտին, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ