03:20 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1194)
52211

ՀՀ վարչապետը շեշտում է` թող որևէ մեկը չկարծի, որ որևէ հայ, Հայաստանի կամ սփյուռքի որևէ քաղաքական հոսանք երբևէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը և կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ, որը հրապարակվել է վարչապետի կայքում։

Նշվում է, որ հազարամյակներ էլ անցնեն, հայերը շարունակելու են հիշել և աշխարհին թույլ չեն տալու մոռանալ Հայոց ցեղասպանությունը՝ զանգվային կոտորածներ, հայրենիքի կորուստ, անգնահատելի վնասներ հայ ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգությանը հասցված վնասները։ Վարչապետի ուղերձում ասվում է` միանշանակ է, որ սարսափելի հանցագործությունների մեղավորն ու պատասխանատուն Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունն էր։ Նա նշում է, որ, ի տարբերություն, ավելի ուշ տեղի ունեցած Հոլոքոստի, Հայոց ցեղասպանությունը չի դատապարտվել ամբողջ աշխարհում և նացիզմի պես պանթյուրքիզմը չի դրոշմվել որպես հանցավոր գաղափարախոսություն։

«Հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարողացավ լսելի դարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տասնամյակներին։ Սակայն այդ ժամանակաշրջանում պանթյուրքիզմը համարվում էր պատմական անցյալ։ Հայոց ցեղասպանությունը և այն ծնած գաղափարախոսությունը մնացին անպատիժ։ Իսկ անպատիժ մնացած հանցագործությունները և դրանց սնած գաղափարախոսություններն ունեն կրկնվելու և վերստին ի հայտ գալու սովորություն: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կատարմամբ», - գրված է վարչապետի ուղերձում։

Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպես Հայաստանը պետք է արձագանքի նեոպանթյուրքիստական սպառնալիքին։ Նրա խոսքով՝ միակ տարբերակը առաջատար տնտեսություն ու ամուր, ժամանակակից և հզոր դաշնակիցներ ունենալն է։

«Ասվածը, սակայն, որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես տարածաշրջանային երկխոսության ժխտում։ Մենք պատրաստ ենք դրան: Սակայն մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից։ Այն կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով: Մենք երբևէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, և թող որևէ մեկը չկարծի, որ որևէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որևէ քաղաքական հոսանք երբևէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը և կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները», - գրել է վարչապետը։

Նա ամփոփել է ուղերձը` ասելով, որ կարևորագույն հետևությունը, որ կարելի է անել, այն է, որ նախորդ դարասկզբին հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Եվ միայն առաջատար տնտեսություն, արդիական անվտանգային և քաղաքական համակարգ ունեցող Հայաստանը, որն իր շուրջը կհամախմբի ողջ հայությանը, կարող է դիմակայել այդ մարտահրավերներին:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1194)

Ըստ թեմայի

Հայ արվեստագետները հիշեցրել են Ցեղասպանության ու կարմիր կակաչներով պատերազմի մասին
Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ոգեշնչում է նոր հանցանքներ ծրագրողներին. ԱԳՆ
Սև, միանման դիմակներ, վառվող ջահեր. Հայոց ցեղասպանության տարելիցի երթը` լուսանկարներով
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, ուղերձ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ