02:54 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
607 0 0

Փաշինյանի գնահատմամբ`ԱՄՆ նախագահի քայլը քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հանրություն։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին, որում վերջինը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` ամենամյա ուղերձում օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։

«Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին»,– ասված է Փաշինյանի նամակում։

ՀՀ վարչապետը նշել է նաև, որ 2019 թ․ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունվել էին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը և որ ԱՄՆ նախագահի ուղերձով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ իր նպատակին։

Փաշինյանը շեշտում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զոհերին հարգանքի տուրք տալու, այլև նմանօրինակ հանցագործությունների կրկնությունը կանխարգելելու համար։

«Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության և պատմական արդարության, այնպես էլ անվտանգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո»,– նշում է ՀՀ վարչապետը` հավելելով, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների և արժեքների առաջնայնությունը։

Փաշինյանի գնահատմամբ`ԱՄՆ նախագահի այս քայլը քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հանրություն։

թեգերը:
նամակ, Ջո Բայդեն, ԱՄՆ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ