04:33 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Ոստիկանությունը հորդորում է ոչ հավաստի հայտարարություններ չկատարել և չշահարկել պատերազմի հետևանքով զրկանքներ կրածների այս կամ այն խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արձագանքել է հրապարակմանը, որի համաձայն՝ ադրբեջանական գերությունից վերադարձած լիբանանահայ Մարալ Նաջարյանին Հայաստանում անձնագիր չեն տալիս:

«Համացանցում տարածված «Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս» վերտառությամբ հրապարակումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ո՛չ Մարալ Նաջարյանը, ո՛չ էլ նրա կողմից լիազորված որևէ անձ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային ստորաբաժանումներ Մարալ Նաջարյանին նոր անձնագիր տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմում չեն ներկայացրել։ Միաժամանակ հարկ է նշել, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 25.12.1998 թ. թիվ 821 որոշմամբ հստակ սահմանված է անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից անձամբ դիմելու պահանջ»,– նշված է ոստիկանության պարզաբանման մեջ։

Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում՝ ոստիկանություն, օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։

Տպագրված անձնագիրը քաղաքացին կարող է ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով։ Լիազորագիրը նոտարական կարգով վավերացում չի պահանջում։

«Մարալ Նաջարյանը ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ստանալու համար կարող է անձամբ դիմել ինչպես ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ տարածքային ստորաբաժանումներ, այնպես էլ օտարերկրյա պետություններում ՀՀ ցանկացած դիվանագիտական ներկայացուցչություն, այդ թվում՝ Լիբանանի (նստավայրը՝ Բեյրութ) ՀՀ դեսպանություն»,– նշել է ոստիկանությունը։

Գերատեսչությունը հորդորում է չկատարել ոչ հավաստի հայտարարություններ և անհիմն չշահարկել պատերազմի հետևանքով զրկանքներ ու կորուստներ կրած մեր հայրենակիցների այս կամ այն խնդիրները՝ ոստիկանության որևէ ստորաբաժանման աշխատանքը թիրախավորելու և ոչ բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու համար։

Հիշեցնենք` Մարալ Նաջարյանը գերեվարվել էր 2020թ. նոյեմբերի 10-ին Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։Նա ազատ էր արձակվել 2020թ. մարտի 10-ին և տեղափոխվել Լիբանան:

թեգերը:
Ոստիկանություն, Մարալ Նաջարյան, անձնագիր, Հայաստան

Գլխավոր թեմաներ