ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 28-ին հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը, կողմերն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների առանձնահատուկ հարաբերությունները և ինտենսիվ շփումները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը:
«Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանը անդրադարձավ հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարևորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նիկոլայ Պատրուշևն իր հերթին կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև ընդգծել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում հաստատվել է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև 2021-2022 թթ. համագործակցության պլանը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ: