ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Վայոց Ձորի Շատին գյուղի բնակիչներից մեկը` 58-ամյա մի տղամարդ, փորձել է սպանել արջին ու վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մայիսի 7-ին` ժամը 06.20-ին, հիվանդանոցից հայտնել են, որ արջի կծած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի 58-ամյա մի բնակիչ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Անտառապահ տղամարդը հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել է, որ ժամը 05.30-ի սահմաններում ստուգայց-շրջագայություն է կատարել, որի ժամանակ արջը հարձակվել է իր վրա և պատճառել մարմնական վնասվածք:
Նիժնեմարտովսկում արջը հետապնդել է անցորդներին. տեսանյութ
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ նա ապօրինի որս կատարելու նպատակով գնացել է հանդամաս, այդ ընթացքում ցանկապատված տարածքում գտնվող անասունների վրա արջ է հարձակվել, և 58-ամյա տղամարդը իր օրինական որսորդական ողորկափող հրացանով կրակել է արջի ուղղությամբ, իսկ երբ մոտեցել է արջին, արջը հարձակվել է նրա վրա: Տղամարդը երկրորդ անգամ է կրակել, արջը կրկին հարձակվել է: Ի վերջո, օգնության է հասել տարածքում գտնվող անասնապահը, որը վերցրել է նրա հրացանն ու սպանել արջին:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Աննախադեպ արդյունք. փրկարար կենտրոնում պահվող արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել
`