ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի սպանության կասկածանքով ձերբակալված ծառայակիցը` նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք` զինծառայողի մահվան դեպքով քրեական գործը հարուցվել էր մայիսի 5-ի երեկոյան` ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը)։
Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 4-ին` ժամը 20.00-ի սահմանում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում։
Հերթափոխի ընթացքում ծառայակցի զենքից արձակված կրակոցից շարքային ժամկետային զինծառայող Արտյոմ Հովիկի Մելքոնյանը գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել։
«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ծառայակցի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է»,– նշված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: