ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք և կանգնելու ենք պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում և թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին: Հանրապետության տոնի կապակցությամբ իր ուղերձում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այս տոնն անկախության և ազատության համար մարտնչելու մեր ժողովրդի աննկուն կամքի խորհրդանիշն է։ Այն մարմնավորում է անկախ պետականություն ունենալու` մեր ժողովրդի դարավոր ձգտումը։ 1918 թվականի այս օրերին մեր ժողովուրդն օրհասական վտանգի առջև էր կանգնած։ Թվում էր, թե անխուսափելի է կործանումը։ Սակայն ժողովրդի ուժերի գերլարումով, Արամ Մանուկյանի ոգու և կամքի առաջնորդությամբ հայությունը կարողացավ կանգնեցնել թշնամու գրոհը»,–նշված է Փաշինյանի ուղերձում։
Նրա խոսքով` Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները՝ Արամ Մանուկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Դրոն, Նժդեհը, Դանիել ու Պողոս Բեկ-Փիրումյանները, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղան, ողջ հայկական բանակն ու աշխարհազորայինները, զենքը ձեռքին կռվող հոգևորականները դարձան Հայաստանի անկախության կերտողները:
Փաշինյանն ասում է, որ այսօրվա Արամ Մանուկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Դրոն ու մյուս հերոսները մեր սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչներն են, որրոնք առանց վարանելու ամուր կանգնած են իրենց հողի վրա:
Վարչապետի պաշտոնակատարը նշում է` դժվար պահերին հայ ժողովուրդը մշտապես կարողացել է համախմբվել, լինել մի բռունցք, բոլոր ուժերն ուղղել հանուն պաշտպանության, հանուն ինքնիշխանության և պետականության:
«Համոզված եմ` այսօր էլ պետք է գործենք նույն ոգով, Երևանից մինչև սահմանապահ գյուղեր լինենք որպես մեկ ընտանիք՝ ի շահ մեր սիրելի Հայրենիքի անվտանգության ապահովման: Մեր սուվերենությունն ու անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող: Եվ ինչպես Արամ Մանուկյանն էր 1918-ի հուսահատության օրերին ասում՝ «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու» »,–նշված է ուղերձում։
«Ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առջև». Ռոբերտ Քոչարյանի ուղերձը
Փաշինյաննն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն այսօրվա մեր առաջնային խնդիրն է։
Հիշեցնենք` մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլք։
Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:
1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը, որն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց: