ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ադրբեջանական զինծառայողների սադրանքները ՀՀ սահմանին պետք է ամեն գնով կանխել, իսկ դրա երաշխիքը նրանց հեռանալն է ՀՀ սահմանային գյուղերի անմիջական հարևանությամբ վայրերից ու ճանապարհներից:Այս մասին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել են Պահեստազորի սպաների միության անդամները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ–ը Facebook-ի իր էջում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ընդունել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը` ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին և ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանին:
Պաշտպանը ներկայացրել է Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու բացարձակ անհրաժեշտությունը:
ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաները նշել են, որ իրենց գործունեության նպատակներից է հետպատերազմական շրջանում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանության նպաստելը: Այնուհետև, նրանք ներկայացրել են իրենց դիտարկումները ՀՀ սահմանային անվտանգության վիճակի հետ կապված` հաշվի առնելով իրենց երկար տարիների փորձը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնկրետ իրավիճակներ:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում հատկապես օգտակար էր ԱԱԾ պահեստազորի սպաների վերլուծությունը սահմանային անվտանգության հարցերով` հաշվի առնելով նրանց երկար տարիների փորձն այս ոլորտում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, այդ թվում` կոնկրետ իրավիճակներ հաշվի առնելով:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:
Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։
Մայիսի 28-ին Փաշինյանը Երևանում իր նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն արդեն հայտարարություն է արել, սպասում են մյուսների արձագանքին։