13:05 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
137 0 0

Մհեր Գրիգորյանի խոսքով` Ռուսաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը սահմանային լարվածության ֆոնին արդյունավետ չի կարող լինել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն այս պահին չեն շարունակվում։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը։

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն, եթե ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն։ Իսկ այս իրավիճակում, այսինքն` սահմանին տիրող լարվածության ֆոնին, չեմ կարծում, որ կառուցողական կլինի շարունակել այդ աշխատանքները»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` վերջին շրջանում այդ հարթակում աշխատանքներն ընդհատվել են։ Գրիգորյանը հստակեցրեց` մասնավորապես հայ–ադրբեջանական սահմանին սկսված լարվածությունից հետո է ընդհատվել խմբի աշխատանքը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Ըստ թեմայի

Միջազգային գործընկերները կընդունե՞ն մեկի առաջարկը, որը 20 օրից կարող է իշխանության չլինել
Նոր միջադեպ Տեղ գյուղի մոտակայքում. ադրբեջանցիները սպառնացել են հայ հովիվներին
Հարությունյանը և Շոյգուն խոսել են սահմանի հարցով պայմանավորվածության կատարման ուղիներից
թեգերը:
Սահման, Եռակողմ հայտարարություն, ապաշրջափակում, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Մհեր Գրիգորյան

Գլխավոր թեմաներ