ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքն իշխանության գալու պարագայում վետերանների գերատեսչություն, ավելի հավանական է` նախարարություն է ստեղծելու։ Ջերմուկցիների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։
Ջերմուկցի մի կին` Փառանձեմ Խուրշուդյանը, հանդիպման ժամանակ պատմեց, որ հոկտեմբերի 8-ին տղան վիրավորվել է, 6 ամիս հիվանդանոցում պառկել, և այդ ընթացքում նրա բուժումն ընտանիքի միջոցներով է արվել։ Կնոջ խոսքով` «թեժ գծից» շատ կոշտ ու կոպիտ պատասխանել են, թե անհրաժեշտ գումարը փոխանցվել է, սակայն մինչ օրս իրենք որևէ գումար չեն ստացել։ Ի պատասխան Քոչարյանն ասաց` վերջին օրերին առնվազն մի քանի տասնյակ նման բողոք է լսել։
«Սա նշանակում է մեկ բան` պետական համակարգը չի աշխատում, էլեմենտար կառավարման մեխանիզմները Հայաստանում չեն գործում։ Սա ես անվանում եմ կառավարման ճգնաժամ, և նման պատկեր է բոլոր գերատեսչություններում։ Դրա համար էլ պետք է ստեղծվի վետերանների գերատեսչություն, որ մարդիկ ոչ թե տարբեր դռներ թակեն, այլ մեկ պատուհանի գաղափարով նույն վայրում լուծվեն բոլոր հարցերը»,–ասաց Քոչարյանը։
Ո՞ր թեկնածուներն են ձեռնտու Ռուսաստանին. քաղաքագետի կարծիքը
Նրա խոսքով`վետերանների գերատեսչության ղեկավար է լինելու մի մարդ, որն անցել է զոհված կամ վիրավորում ստացած ընտանիքների «ճանապարհով», գիտի այդ կորստի ցավը։
Քոչարյանը նշեց` գերատեսչության բացումը «Հայաստան» դաշինքի առաջին քայլերից մեկն է լինելու։
ՀՀ ԱԳՆ գոյություն չունի, դա խայտառակություն է, ո՞վ պետք է գերիներին վերադարձնի. Քոչարյան