ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի– Sputnik. Մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Քաթանյանը գտնվում է Ստեփանակերտում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ շարքային Արթուր Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում էր, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։
Երեկ երեկոյան Բաքուն հաստատեց, որ Քաթանյանը ոչ թե սադրանքի է դիմել, այլ մոլորվել է: Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ, պարզաբանել են գերատեսչությունում։