20:27 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
486 0 0

Կրակոցները պարզ լսվել են գյուղերում։ Դրանք լսվել են անգամ բնակիչների ահազանգերի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերն այսօր կրակել են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել ժամը 16:30-ի սահմաններում։ Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում»,– Facebook–ի իր էջում գրել է նա` նշելով, որ ահազանգեր է ստացել նշված գյուղերից, և դրանք  հաստատվել են ստուգմամբ: Կրակոցները լսվել են անգամ բնակիչների ահազանգերի ընթացքում։ 

Ըստ ՄԻՊ–ի` կրակոցները գյուղերում եղել են պարզ լսելի, առավել ուժգին`Կութ և Վերին Շորժա գյուղերի արոտավայրերում (սարատեղիներ):

«ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, ֆիզիկական անվտանգության, խաղաղ կյանքի և այլ կենսական իրավունքների համար: Ակնհայտ է, որ ադրբեջանական կրակոցները, ՀՀ սահմանային բնակիչների կենդանիների գողությունները սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Պետք է հաշվի առնել նաև ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն: Այս բոլոր դեպքերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի հավաքած ապացույցներով»,,– նշել է Թաթոյանը:

Նրա խոսքով` այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Գեղարքունիքի և Սյունիքի կողմից: Նշված արարքները պետք է դիտարկել միասնական հանցավոր դիտավորության մեջ:

Թաթոյանը կրկին շեշտում է` ՀՀ բնակչության իրավունքները ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից պաշտպանելու համար պետք է շտապ անվտանգության գոտի ստեղծել։

«Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերը խաթարում են մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անվտանգությունը և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները»,– եզրափակել է նա:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն այսօր հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Հայկական ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ 

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

թեգերը:
Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Ադրբեջան, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ