18:39 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Արմեն Սարգսյանն ու Պաոլա Տավերնան մտքեր են փոխանակել պատերազմից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Վերջինս Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ներքաղաքական կայունության պահպանումը և հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները կլինեն ի շահ պետության զարգացման:

Սարգսյանն ու Պաոլա Տավերնան մտքեր են փոխանակել պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական խնդիրների շուրջ: ՀՀ նախագահը խոսել է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին՝ անթույլատրելի համարելով գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը:

Սարգսյանը մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության հետագա ճակատագրի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ վերոնշյալ հարցերում հայկական կողմն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-իտալական երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը: Իտալիայի Սենատի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ Սարգսյանի՝ Իտալիա նախատեսվող պետական այցը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը:

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

թեգերը:
Հայաստան, Իտալիա, Արմեն Սարգսյան, գերի

Գլխավոր թեմաներ