09:20 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Տիգրան Ավինյանը նշել է, որ խիստ կարևոր է ունենալ մեր իրականությանը համապատասխանող ու պետականության մարտահրավերներին արժանիորեն դիմակայող սահմանադրական իրավակարգ։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, շնորհավորելով Սահմանադրության օրը, ակնարկել է մայր օրենքը փոխելու մասին։ Ավինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղերձում նշվում է, որ առաջիկայում հասարակական-քաղաքական կյանքում Սահմանադրության և դրա դրույթների շուրջ լայն քննարկումներ պիտի լինեն։

«Լայն քննարկումներ պիտի լինեն` կատարելագործելու գործող սահմանադրական իրավակարգը։ Խիստ կարևոր է ունենալ մեր իրականությանը համապատասխանող ու պետականության մարտահրավերներին արժանիորեն դիմակայող սահմանադրական իրավակարգ, որտեղ Սահմանադրությունը, մայր օրենքի իր կարգավիճակով պայմանավորված, լինելու է հանրային հարաբերությունները կարգավորող բացառիկ և անշրջելի մեխանիզմը»,–գրել է Ավինյանը։

Նրա խոսքով` Հայաստանում առնվազն փակված է իշխանության հակասահմանադրականության հարցը` նկատի ունենալով, որ իշխանությունը մեր երկրում ձևավորվում է ժողովրդի ազատ, արդար ու թափանցիկ քվեով։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրությունն ընդունելուց ի վեր այն երեք անգամ փոփոխության է ենթարկվել։ Առաջին փոփոխություններն արվել են 2005 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։ Ուղղումները վերաբերում էին իշխանությունների և պետական կառավարման համակարգի տարանջատմանը։ Սահմանափակվեցին նախագահի լիազորությունները, մեծացավ Ազգային ժողովի դերը։

Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր փաստաթուղթ ընդունեց։ 2015 թվականի Սահմանադրության ընդունումը նշանակում էր, որ երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցնում է խորհրդարանականի։

Դրան հաջորդեց վերջին` 2020-ին կատարված փոփոխությունները, որն արվեց ոչ թե հանրաքվեի միջոցով (այն պաշտոնապես չեղարկվեց կորոնավիրուսի ու արտակարգ դրության պատճառով), այլ ԱԺ քվեարկությամբ։ Նոր փոփոխություններով` ՍԴ այն դատավորները, որոնք 12 տարուց ավել էին պաշտոնավարել (Ալվինա Գյուլումյան, Հրանտ Նազարյան և Ֆելիքս Թոխյան) ազատվեցին պաշտոնից, իսկ Հրայր Թովմասյանը հրաժեշտ տվեց ՍԴ նախագահի պաշտոնին, սակայն նա շարունակում է աշխատել որպես ՍԴ դատավոր։

 

թեգերը:
Սահմանադրություն, Տիգրան Ավինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ