10:41 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը պատասխանել է հանրությանը հետաքրքրող հարցերին։ Ընկերության անվանակոչության համար կա ավելի քան 300 առաջարկ։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ներկայացրել է «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ըստ ֆոնդի հաղորդագրության` հանրությանը հուզում է, թե ինչ նպատակ ուներ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ ավիափոխադրող ընկերության ստեղծումը։

Նշվում է, որ անցած տասնամյակի ընթացքում Հայաստանը տպավորիչ հաջողություններ է գրանցել զբոսաշրջության ոլորտում:

«2019թ.-ին զբոսաշրջության և տուրիզմի ոլորտները կազմել են ՀՆԱ-ի մոտ 11,8 և ընդհանուր զբաղվածության՝ 12,5 տոկոսը: Հայաստանի տուրիզմի էլ ավելի դինամիկ զարգացման ճանապարհին խոչընդոտներից մեկը միշտ եղել է ոլորտում սահմանափակ մրցակցությունը։ Նոր ազգային ավիափոխադրողի ստեղծումը նախ էական քայլ է Հայաստանի տուրիզմի մրցունակության բարձրացման ուղղությամբ։ Ի լրումն՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաև ներդրումային մրցունակության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հարց է առաջանում նաև, թե ինչու են պետական միջոցները ներդրվում օտարերկրյա ընկերության հետ համատեղ ծրագրում։ Արդյո՞ք դա պետական միջոցների արդյունավետ տեղաբաշխում է։

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ աշխարհի առաջատար բյուջետային ավիափոխադրողներից մեկի հետ համատեղ ազգային ավիափոխադրող ընկերություն ստեղծելը շահեկան է թե՛ բիզնես, թե՛ ներդրումային հեղինակության տեսանկյունից և լրացուցիչ տնտեսական արժեք է ստեղծելու։

Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել. խոսվել է նաև ազգային ավիափոխադրողի մասին

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ավելի արդյունավետ չէ՞ր լինի, որ Հայաստանն առանց այլ ընկերության մասնակցության տնօրիներ ազգային ավիափոխադրող ընկերությունը, ապա նշվում է, որ ուսումնասիրվել է նախկին փորձը, արվել են բազմաթիվ մասնագիտական հաշվարկներ, և մասնագետները եկել են եզրակացության, որ առավել արդյունավետ ֆորմատը ոլորտում երկարամյա փորձառություն ունեցող գործընկերոջ հետ համատեղ ծրագիրն է։

Նոր ստեղծվող ընկերությունը միակ ավիափոխադրողն է, որի մասնաբաժնի մոտ կեսը տնօրինում է պետությունը՝ ԱՆԻՖ–ի միջոցով։ Պետության զգալի մասնակցությունը ենթադրում է, որ նոր ընկերությունը հենց «ազգային ավիափոխադրող» է։

«Բաժնետոմսերը մոտավորապես հավասար են, բայց մեծամասնությունը տնօրինում է հայկական կողմը։ Մենք առաջնորդվել ենք գործընկերային տեսանկյունից արդարացված այն սկզբունքով, որ այն գործընկերը, տվյալ դեպքում՝ «Էյր Արաբիան», որն ունի ծրագրի ամբողջական կառավարման ու իրականացման կարողությունն ու փորձը պետք է ունենա գործառնական որոշակի լծակներ, օրինակ՝ նշանակի ընկերության ղեկավար կազմ, իհարկե նաև մեր կողմի համաձայնությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նոր ավիաընկերությունը ղեկավարվելու է տնօրենների խորհրդի կողմից, որը նշանակվելու է «Էյր Արաբիայի» և ԱՆԻՖ-ի համատեղ որոշմամբ։ Ընկերությունը կշահագործվի «Էյր Արաբիայի» կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով: Ընկերությունը կիրառելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ դինամիկ, մրցունակ գնային քաղաքականություն։

Նշվում է, որ ընկերության նպատակներից մեկն է նոր աշխատատեղերի ստեղծումը, ուստի ներգրավվելու են հայ օդաչուներ, ինժեներներ, անձնակազմ։

Ընկերության անվանակոչության համար կա ավելի քան 300 առաջարկ ու հանրության շատ ակտիվ մասնակցություն։ Մրցույթը կամփոփվի 3 շաբաթից։

Ավիաընկերությունը շուտով կսկսի գործել։ Կտրվեն Օդանավ շահագործողի վկայականի ստացման աշխատանքները, ինչը թույլ կտա մեկնարկել ավիաընկերության գործունեությունը: Գործարկման ամսաթվի, անձնակազմի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն առաջիկայում:

Հիշեցնենք`հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերությունը ստորագրեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր, ըստ այդ փաստաթղթի՝ կստեղծվի անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

թեգերը:
Հայաստան, ավիափոխադրող

Գլխավոր թեմաներ