20:46 08 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Կովկաս
Ստանալ կարճ հղումը
523 0 0

Համացանցի օգտատերերը երգչուհուն մեղադրում են հայերի հանդեպ ատելության տարածելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ադրբեջանցի երգչուհի Efendi-ն (Սամիրա Էֆենդի), որը պատրաստվում է Ադրբեջանը ներկայացնել «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում, հայտնվել է սոցցանցային սկանդալի կիզակետում։ Համացանցի օգտատերերը նրան մեղադրում են ատելության խոսք տարածելու, իսկ հայրենակիցները ՝ բիսեքսուալություն քարոզելու մեջ։

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ պահանջով, որ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու իրավունքից զրկի ադրբեջանցի երգչուհուն։ Պահանջագրի տակ արդեն ավելի քան 5000 մարդ է ստորագրել։

Մինչդեռ EBU-ի կանոնների համաձայն` մրցույթին մասնակցող հեռարձակողները պետք է հարգեն «Եվրատեսիլի» որդեգրած արժեհամակարգերը և հոգան, որ որևէ երկրի ներկայացուցիչ խտրականության կամ ծաղրի չենթարկվի:

Efendi-ն սոցիալական ցանցերում հրապարակել է զինվորական համազգեստով լուսանկարներ՝ կոչ անելով բոլոր ադրբեջանցիներին պայքարել հայերի դեմ, տարածել է հեշթեգեր՝ հայերին անվանելով «ահաբեկիչներ», ծաղրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանվածներին։ Բացի այդ, Efendi-ն բացեիբաց գովում է Ադրբեջանի ղեկավարությանը, որը խոսքի ազատության վարկանիշում զբաղեցնում է 168-րդ տեղը (վարկանիշն ընդգրկում է 180 երկիր)», - նշվում է պահանջագրի տեքստում:

Հայերի նկատմամբ ատելության կոչեր պարունակող գրառումները երգչուհին արդեն ջնջել է իր սոցցանցային հաշիվներից։ Այդ հրապարակումներից «սքրինշոթեր» մեզ չհաջողվեց գտնել, բայց երգչուհին նման գրառումներ է արել արցախյան պատերազմի օրերին։

Հարկ է նշել, որ երգչուհուն հարազատ երկրում՝ Ադրբեջանում, մեղմ ասած, չեն ընդունում։ Պատճառն այն է, որ նրա երգերում քարոզվում է բիսեքսուալությունը, ինչը խիստ զայրացնում է նրա հայրենակիցներին։

«Կլեոպատրան նույնքան թագուհի էր, որքան ես՝ հետերոսեքսուալ կամ լեսբուհի, կամ նրանց արանքում ինչ-որ մեկը»,-երգում է նա իր «Կլեոպատրա» երգում, որով պետք է Ադրբեջանը ներկայացներ դեռ «Եվրատեսիլ-2020» մրցույթում։

Երգի ենթատեքստը չի ժխտում նաև ինքը՝ երգչուհին` հայտարարելով, որ իր երգը մարդկանց դրդում է լինել այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ անկախ սեռական կողմնորոշումից։

Ինչ վերաբերում է անմիջապես «Mata Hari» երգին, ապա, ադրբեջանցի օգտատերերի կարծիքով, երգչուհին լրտեսուհու կերպարով է հանդես գալիս, որն իր մարմինը վաճառում է տեղեկատվության համար: Այսպիսով, շատերը համարում են, որ Էֆենդիի երգը խայտառակություն է Ադրբեջանի համար։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ»-ի 65-րդ մրցույթը պետք է տեղի ունենար 2020 թվականի մայիսի 12-16-ը Ռոտերդամի «Ahoy» համերգասրահում: Սակայն 2020 թվականի մարտի 18-ին Եվրոպական հեռարձակողների միությունը որոշեց մրցույթը հետաձգել կորոնավիրուսի պատճառով։ Այժմ պլանավորվում է, որ «Եվրատեսիլ-2021»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 22-ին նույն քաղաքում: Հայաստանն այս տարի մրցույթին չի մասնակցի։

Գլխավոր թեմաներ