05:40 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
ՄԻԳ-19

Կապիտան Այվազյանը գնդապետ Պաուերսի դեմ

© Sputnik / STR
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
78 0 0

Սվերդլովի երկնքում (ներկայիս Եկատերինբուրգի տարածք) խոցված ամերիկյան լրտես ինքնաթիռի հետ կապված աղմկահարույց պատմության մեջ քիչ հայտնի մի էջ կա։ Խոսքը էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, կապիտան Բորիս Այվազյանի մասին է, ով այդ օրը մարտական հերթապահություն էր իրականացնում Պերմի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում։

Հակիրճ հիշեցնենք, թե ինչ էր տեղի ունեցել։ 60-ականների սկզբին ամերիկյան լրտես Լոկխիդ Ու–2 ինքնաթիռները ներխուժեցին ԽՍՀՄ երկինք ոչ մեկ, երկու կամ երեք անգամ. 22-24 հազար մետր բարձրությունը սովետական կործանիչների և այն ժամանակվա զենիթային համակարգերի համար անհասանելի էր: Այնուամենայնիվ, մայիսմեկյան այդ օրն առաջադրանքի մեկնած գնդապետ Ֆրենսիս Գերի Պաուերսը մի տեսակ էր իրեն զգում. այդ մասին նա ավելի ուշ խոստովանում է դատի ժամանակ։ Կանխազգացումն օդաչուին չէր խաբել։

Մոսկվայի Կարմիր հրապարակում այդ մայիսմեկյան օրն ինչպես միշտ տոնական շքերթ էր անցկացվում, և նրա մասնակիցներին, ընդունված կարգի համաձայն, դամբարանի ամբիոնից ողջունում էր երկրի ղեկավարը` իր համախոհների առաջին շրջանի հետ։ Խրուշչովին այդժամ հայտնում են պետական սահմանը խախտելու մասին։ Ի՞նչ ինքնաթիռ է, ո՞րն է նրա ներխուժման նպատակը, կա արդյո՞ք օդանավում զենք, իսկ եթե կա` ի՞նչ զենք է. այս հարցերի պատասխանները գեներալները չունեին։ «Կասեցնել թռիչքը»` կարճ կարգադրություն արեց Խրուշչովը։ Դրանից հետո այն, ինչ կատարվում էր Սվերդլովի անհանգիստ երկնքում, երկրորդ պլան մղեց այն, ինչ տեղի էր ունենում Կարմիր հրապարակում` երկրի համար տոնական այդ օրը։

Շուտով Խրուշչովին զեկուցեցին. «8 անց 53 րոպեին թիրախը ոչնչացվել է։ Օդաչուն ցատկ է կատարել օդապարիկով»։ Ուրախությունը չթաքցնելով` Խրուշչովը սեղմեց պաշտպանության նախարարի ձեռքը։ Կարմիր հրապարակում տոնակատարությունը շարունակվում էր։

Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէր։ Բանն այն է, որ թեև Ու-2 խոցել էին առաջին իսկ արձակած հրթիռով, ընդհանուր առմամբ 7 հրթիռ էր արձակվել։ Այստեղ հղում ենք անում այն օրերի լրագրող Ալեքսանդր Երկանյանի կողմից իրականացրած մանրակրկիտ ուսումնասիրությանը։

Եվ այսպես, այդ օրը էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, կապիտան Բորիս Այվազյանն ու օդաչու, ավագ լեյտենանտ Սերգեյ Սաֆրոնովը մարտական հերթապահություն էին իրականացնում Պերմի մերձակայքում գտնվող Բոլշոյե Սավինո ռազմական օդանավակայանում։ 7–ն անց երեք րոպեին մարտական տագնապի կանչով նրանք օդ բարձրացան` ոչնչացնելու լրտես ինքնաթիռը։

Անթույլատրելի սխալ` ինքնաթիռները երկինք էին բարձրացվել առանց հրթիռային դիվիզիոնին տեղյակ պահելու, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռին ընդառաջ էին գալիս խորհրդային ՄիԳ-19 երկու կործանիչներ։ Սովորաբար նման դեպքերում, վտանգի գոտում գտնվող թռչող սարքերի ուղղությունները փոխում են կամ ուղարկում նրանց մոտակա օդանավակայաններ։

Զենիթային հաշվարկի մարտական գործողությունները ղեկավարում էր փորձառու հրետանավոր գնդապետ Ի. Պեվնին։ Կասկածելով, որ օդում իրենց ինքնաթիռներն են` նա հրաժարվեց կատարել թիրախը խոցելու հրամանը, այդ պատճառով դա արեց նրա անմիջական ղեկավարը։ Խմբի հրամանատար գեներալը հրամայեց արձակել հրթիռը։ Եվ նրանք երկինք սլացան։

Իսկ ինչպես էր այդ պատմությունը պատմում կապիտան Այվազյանը. «Օդ բարձրացանք։ Լրտես ինքնաթիռը մեր գլխավերևում է, սակայն որտե՞ղ։ Նայում եմ շուրջբոլորս` ոչինչ չկա։ Այդժամ պայթյուն լսեցի և հողին բախվող հինգ կետ տեսա։ Էհ, իմանայի այն ժամանակ, որ դա խոցված Ու-2–ն է։ Կարծեցի` պայթյունը հրթիռի ինքնաոչնչացման հետևանք է, հասկացա, որ զենիթահրթիռային սարքից արդեն կրակ էր արձակվել և անմիջապես հայտնեցի հսկման կետ։ Հակառակորդի ինքնաթիռը, բնականաբար, մենք չհայտնաբերեցինք, չէ որ, ինչպես հասկացա, մեր աչքի առաջ այն ոչնչացրեցին հրթիռաձիգները»։

Երբ անկառավարելի Ու–2–ը հասավ 10 կմ բարձրության, նա հայտնվեց արդեն մեկ այլ հրթիռային դիվիզիոնի խոցման գոտում։ Հրաման էր ստացվել կրկին խոցել «ամերիկացուն»` այն ոչնչացնելու երաշխիք էր հարկավոր։ Այստեղ լրտես ինքնաթիռին ևս երեք հրթիռ հասան։ Մյուս երեքը բաժին ընկան ավագ լեյտենանտ Սերգեյ Սաֆրոնովի ՄիԳ–19 կործանիչին։

«Նրանց երկնքում տեսնելով` ես հակահրթիռային մանևրում կատարեցի և բարձր արագությամբ գրեթե ուղղահայաց դիրքով ներքև սլացա, իսկ իմ հետևից ընթացող ավագ լեյտենանտ Սաֆրոնովը չհասցրեց նույնն անել», – հետագայում պատմեց Բորիս Այվազյանը։

Երբ թերթերում հայտնվեց Ու-2–-ի գործողություններում առավել աչքի ընկածներին պարգևատրվելու մասին հրամանը, Բորիս Այվազյանին մոտեցավ գնդի հրամանատարը և ասաց. «Դե ինչ, Սերյոժային որպես պարգև` շքանշան, իսկ քեզ` կյանք…»։

… ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիան Ֆրենսիս Գերի Պաուերսին մեղավոր ճանաչեց և դատապարտեց տասը տարի ազատազրկման, առաջին երեք տարիները նա պետք է պատիժը կրեր բանտում։

1962 թվականի փետրվարի 10-ին Գլինիկյան կամրջի վրա, որը միացնում է ԳԴՀ–ի մայրաքաղաքը Պոտսդամ մերձակայքի Արևմտյան Բեռլինի հետ, խորհրդային կողմը փոխանակեց Պաուերսին իր հետախույզ, պետական անվտանգության գնդապետ Ռուդոլգ Աբելի հետ, որին 30 տարվա ազատազրկամն էին դատապարտել։ (Փոխանակման դրվագը բավականին զգացմունքային էր ներկայացված «Մեռյալ սեզոն» ֆիլմում, որի գլխավոր դերակատարը Դոնաթան Բանիոնիսն է)։

Ինչ վերաբերում է Բորիս Այվազյանին, ապա 1960 թվականին նա ընդունվեց Գագարինի անվան ռազմա–օդային ակադեմիան, սակայն այն չավարտելով, մայորի կոչումով պահեստային ծառայության փոխադրվեց։ Գիտական աշխատանքով էր զբաղվում, մասնավորապես, Տուպոլևի կոնստրուկտորական բյուրոյում։

Գլխավոր թեմաներ